ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլեւ առանձին հարց էլ չէ. մինչ ԵՏՄ մտնելը Հայաստանը դարձյալ ենթակա էր գաղութային համակարգին, մեծ բան չի փոխվել: Այս մասին իր նամակում գրել է «Սասնա ծռերի» խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Armexit-ը «Նոր Հանրապետություն ստեղծելու մասին «Սասնա Ծռերի» ճանապարհային քարտեզ»-ի օրգանական բաղադրիչն է: Ի դեպ, տերմինի հեղինակը Սասնա Ծռերի շտաբի պետ Մխիթար Ավետիսյանն է: Նա դեռ մեկ տարի առաջ էր կիրառում այդ տերմինը, որը փաստորեն բերնեբերան հասարակության սեփականությունն է դարձել եւ հայտնվել լրատվամիջոցներում:

Ներկայումս Armexit-ը փորձում են ներկայացնել որպես ինքնուրույն եւ ամբողջական օրակարգ՝ այն նեղացնելով եւ սահմանափակելով ԵՏՄ-ից ՀՀ-ի դուրս գալու հարցի շրջանակներում:

Մեր օրակարգը մեկն է՝ առկա գաղութային համակարգի փոխարեն ստեղծել ազգային համակարգ:

Գաղութային համակարգը ավելի լայն եւ մեծ է, քան ՀՀ-ն: Նրա հենքը ռուս-թուրքական դաշինքով ստեղծված տարածաշրջանային ճարտարապետությունն է (Հայաստանը հաշմանդամ՝ առանց Արցախի եւ Նախիջեւանի՝ զուրկ տարածքային-հաղորդակցային հնարավորություններից եւ մատաղացու տարածաշրջան ներխուժող գիշատիչների համար), կառավարման լծակը՝ Ռուսաստանից Հայաստանի կախյալությունը, գործիքը՝ հայաստանյան գաղութային վարչակազմը, որի մաս է կազմում նաեւ տիտղոսային ընդդիմությունը:

Դրա փոխարեն ստեղծվելիք ազգային համակարգի հենքը պետք է դառնա հայկական գործոն ձեւավորելու հնարավորություն տվող տարածաշրջանային ճարտարապետությունը (Հայաստանը Արցախով եւ Նախիջեւանով հանդերձ՝ Կուր-Արաքսյան Հանրապետություն) եւ ռուսական պայմանագրերը մերժող ու չճանաչող սուբյեկտ, լծակը՝ հայության ինքնիշխան կամքը, իսկ գործիքը՝ պետական կառավարման ազգային համակարգը:

Այս օրակարգի առաջին հարցը Արցախը ՀՀ-ին միացնելով Նոր Հանրապետություն հռչակելն է, ինչն իր ունիվերսալության շնորհիվ մեկնարկելու է այդ օրակարգի մյուս բոլոր հարցերը, այդ թվում՝ ապագաղութացումը:

Մինչդեռ ԵՏՄ-ից դուրս գալու հարցը ոչ միայն օրակարգ չէ, այլեւ առանձին հարց էլ չէ: Մինչ ԵՏՄ մտնելը Հայաստանը դարձյալ ենթակա էր գաղութային համակարգին, մեծ բան չի փոխվել:

ԵՏՄ-ից դուրս գալը մեր ազգային օրակարգի մեկ հարցի՝ ապագաղութացման ենթահարցն է ընդամենը:

Armexit-ը նման նեղ եւ սահմանափակ տրամաչափով որպես համազգային օրակարգ ներկայացնելը.

ա) գաճաճացնում է մեզ եւ մեր նպատակը,

բ) գաղութային համակարգին հնարավորություն է տալիս իր ներսում պահել մեզ եւ կառավարելով գործընթացը՝ ի վերջո չեզոքացնել այն եւ նրանից բխող վտանգը:

Եթե ուզում ենք մեր ազգային օրակարգն անվանել Armexit դիպուկ տերմինով, ապա դրա տակ պետք է դնենք վերը նշված ազատագրման բովանդակությունը: Ազատագրում, որը ենթադրում է ազգային համակարգի ստեղծում, այլ ոչ թե առկա գաղութային համակարգի ներսում այսօրվա հաշմանդամ քվազիպետության տասնյակ կապանքներից մեկը կտրելու անիրագործելի ու կեղծ հարցի արծարծում»: