Երեւանյան շաբաթօրյակի ընթացքում հավաքվել եւ աղբավայր է տեղափոխվել շուրջ 380 տոննա աղբ:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ պատշաճ տեսքի են բերվել հանրային օգտագործման տարածքները՝ բակերը, այգիներն ու պուրակները, ինչպես նաեւ հանրային նշանակության կառույցների ու ճանապարհների հարակից տարածքները:

Մայրաքաղաքի մաքրման աշխատանքներին մասնակցել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերությունների աշխատակիցներ, կրթօջախների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ ընդհանուր առմամբ 14550 անձ: Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներն ապահովված են եղել ձեռնոցներով, պարկերով, բահերով եւ անհրաժեշտ այլ պարագաներով: Առավել դժվարամատչելի տեղանքների մաքրման համար օգտագործվել է ծանր տեխնիկա:

Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության տվյալներով, շաբաթօրյակի ընթացքում սանմաքրման աշխատանքներում ներգրավված է եղել 121 միավոր տարբեր նշանակության տեխնիկա, աղբավայր է տեղափոխվել շուրջ 380 տոննա աղբ: