Եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գոհ է, գտել է, որ պետք է Բակո Սահակյանը շարունակի  ղեկավարել Արցախում,  Հայաստանում ինչի՞ են դժգոհ։ Այս հարցադրումը NEWS.am–ի հետ զրույցում հնչեցրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանն՝ անդրադառնալով  այն մեկնաբանություններին, որ Բակո Սահակյանի՝ երրորդ անգամ նախագահի պաշտոնին ձգտելու գործընթացը  հակասում է Արցախի ժողովրդավարությանը եւ Սահմանադրությանը։ 

«Այդ քննադատողները կարդացե՞լ են Սահմանադրությունը, որտե՞ղ է գրված նման բան։ Հայտարարություններից առաջ թող կարդան Սահմանդրությունը։ Եթե կար մեկ այլ թեկնածու, որի օգտին կքվեարկեին, ես որեւէ խնդիր չեմ տեսնում, որ մեկ այլ արժանավոր ընտրվեր, բայց եթե  Ղարաբաղի ժողովուրդը գտել է, որ պետք է Բակո Սահակյանը շարունակի  ու եթե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը գոհ է, Հայաստանում ինչի՞ են դժգոհ»,–ասել է պատգամավորը։

Սամվել Նիկոյանի խոսքով՝ Արցախում ստեղծված ներկայիս իրավիճակն է թելադրում, որ Բակո Սահակյանը պետք է շարունակի ղեկավարել երկիրը. «Արցախում ամբողջովին այլ իրավիճակ է հիմա, այն պատերազմական իրավիճակում է գտնվում եւ այդ ռազմական իրավիճակից են բխում բոլոր այն քայլերը, որոնք կատարվեցին Լեռնային Ղարաբաղում»։

Ինչ վերաբերում է այն քննադատություններին, որ Արցախի անվտանգության  երաշխավոր Բակո Սահակյանի օրոք տեղի ունեցած ապրիլյան պատերազմի ժամանակ բացահայտվեց բանակի թերություններն ու բացթողումները, որոնք Արցախի ժողովրդի անվտանգությանը սպառնալիք էին, Նիկոյանն ասել է. «Ամեն ինչ էլ կարող են վերագրել Բակո Սահակյանին ինչպես ցանկանում են, բայց Բակո Սահակյանը իր հողին, ջրին, հայրենիքին նվիրված զինվոր է: Ով ծանոթ է նրա անձին ու աշխատանքին, պարկեշտությանը, նման բաներ չպետք է ասի։ Մնացածը ներքաղաքական խնդիրներից ելնելով են հայտարարում, ինչն իրենց գործն է»։