«Սեւան ստարտափ սամիթ 2017»-ի գլխավոր մրցանակը՝ 8000 դոլար, ստացավ Անիքս ստարտափը: ANIX-ը վիրտուալ օգնական է ցանցային միջավայրում, որն ավտոմատացնում է հաճախորդների սպասարկումը: Այն նաեւ վիրտուալ ավատար է սպասարկող անձնակազմի համար՝ օգտագործելով ձայնային եւ տեքստային կապի միջոցները:
5000 դոլար հատուկ մրցանակի արժանացավ Թրիպլ-ի ստարտափը: Լենց ստարտափը ստացավ 3000 դոլար մրցանակ: Աուգմենտ-Ար, Չեսիֆայ, Տրիմառան հոթել, Մատչ-ափ, Փլեյ ընդ դու ստարտափները ստացան 2500-ական դոլար: Սայբեր Մանթիս-ը՝ 2000 դոլար: Դեւստեք, Լոկատեք ստարտափները ստացան 1000 դոլար, Վի-մոբայլ, Աուգմենտ-Ար ստարտափները՝ 500 դոլար:
Խրախուսական մրցանակներ ստացան եւս մի քանի ստարտափներ: Նրանցից ոմանք կստանան բիզնես խորհրդատվական ծառայություններ, մյուսների համար փորձառու ընկերությունները կիրականացնեն մարկետինգային աուդիտ: Եղան նաեւ այնպիսի ստարտափներ, որոնց համար «Սեւան ստարտափ սամիթ 2017»-ի գործընկերները պատրաստակամություն հայտնեցին ձեւավորել տարբերանշան նպաստել կայքի ստեղծմանը, տրամադրել հատուկ դասընթացներ:
Մրցանակակիրների ոլորտները բազմազան էին՝ Սասնա ծռեր էպոսի հիման վրա համակարգչային խաղ, բույսերի աճին նպաստող ֆիտո լուսավորություն, եռաչափ տպիչներ, հայ կանանց կյանքը հեշտացնող հավելվածներ, հիվանդանոցներում ամրագրում անող հավելված, եւ այլ բազմաթիվ յուրօրինակ գաղափարներ: «Սեւան ստարտափ սամիթ» 2017թ. 6-օրյա ճամբարն ավարտվեց, եւ կազմակերպիչները արդյունքը համարեցին հիանալի:
Զբոսաշրջության, սննդի, գյուղատնտեսության, գիտական ոլորտները ներկայացնող ստարտափները փակման նախորդ օրը հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց գաղափարները, իսկ ժյուրին՝ ընտրել լավագույններին: Պայքարի էր դուրս եկել 92 թիմ՝ 20 ջոկատի կազմում: Սեւան էր ժամանել 10 երկրի ավելի քան 1000 մասնակից: Մինչեւ մրցանակների համար պայքարի ամենակարեւոր օրը ճամբարային առօրյան մասնակիցների համար հագեցած եւ ավելի օգտակար էր դառնում տարբեր փորձառու ընկերությունների ներկայացուցիչների հետ խարույկի շուրջ զրույցների շնորհիվ:
Սեւան էր ժամանել նաեւ ռուս հաղորդավար, խոսքի եւ հաղորդակցության մասնագետ Դմիտրի Չումակը: Նա մասնակիցներին սովորեցրեց՝ ինչպես ավելի ազդեցիկ եւ տպավորիչ ներկայացնել բիզնես գաղափարները՝ ավելի հավանական դարձնելով ներդրողների կողմից ֆինանսավորում ստանալը:
«Այստեղ իրենց գաղափարները ներկայացրած բոլոր ստարտափները կարող են լուրջ հաջողությունների հասնել: Պետք է օգնել նրանց այդ հարցում, իսկ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը միշտ սկսնակների կողքին է եղել եւ կշարունակի լինել՝ աջակցության իր գործիքակազմով»,- հաղթողների ընտրության ժամանակ նշել էր Սեւան ստարտափ սամիթի համակազմակերպիչ Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լեւոն Մնացականյանը: Նրա խոսքով՝ միայն այն, որ այս տարի մասնակիցների թիվը գրեթե եռապատկվել է անցած տարվա համեմատ, վկայում է այն մասին, որ միջոցառումը պահանջված է եւ կդառնա ավանդական:
«Համոզված եմ, որ այսօրվա մրցանակակիր ստաարտափներից շատերը մի քանի տարի անց հենց իրենք են լինելու մրցանակ հանձնող: Միգուցե տարիներ անց մենք Սեւան Ստարտափ սամիթի շրջանակն ընդլայնենք, եւ այն դառնա միջազգային իրադարձություն՝ անցկացվելով ոչ միայն Սեւանի լողափին, այլեւ Հնդկական, Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների ափերին»,- ասաց Սրատրափ Արմենիա հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը:
«Սեւան ստարտափ սամիթ 2017»-ի մյուս կազմակերպիչ՝ «Գլոբալ էյ-էմ» ՀԿ նախագահ Գեւորգ Պողոսյանի կարծիքով՝ միջոցառումը Հայաստանը շուտով կդարձնի ստարտափների զարգացման գլխավոր կենտրոններից մեկը:
Միջոցառմանը ֆինանսական եւ տեխնիկական աջակցություն է տրամադրել նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ)՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի շրջանակում: Ծրագրի ղեկավար Էվա Նեհերն ասաց. «Հիանալի էր այստեղ տեսնել այսքան շատ քանակի ստեղծարար գաղափարներով լեցուն երիտասարդների: Բոլորն այնքան լեցուն են էներգիայով եւ արարելու ցանկությամբ, որ բոլորին վարակում են»: Նրա խոսքով՝ SMEDA ծրագիրը մասնակիցներից մի քանիսի համար ֆինանսավորելու է սեպտեմբերին Բեռլինում կայանալիք ստարտափների համար նախատեսված միջոցառմանը:
«Սեւան ստարտափ սամիթ 2017»-ի ժամանցային մասը նույնպես բովանդակալից էր: Մասնակիցներին ջերմորեն ողջունեց Նազենի Հովհաննիսյանը, մաղթեց, որպեսզի նրանք կանգ չառնեն եւ չընկրկեն խոչընդոտների առաջ: Սրատրափների եւ հյուրերի համար կրակոտ երգեր կատարեց Սոֆի Մխեյանը: Նրանից հետո երեկոն ավելի թեժացրեց պրոֆեսիոնալ դիջեի՝ մի քանի ժամանոց պարային ծրագիրը:




























