Գյումրիում ակտիվորեն շարունակվում է Կումայրի արգելոց-թանգարանի շինարարությունը: Այժմ վերանորոգվում է Ռուսթավելի փողոցը, որտեղ գտնվում է նաեւ Մհեր Մկրտչյանի անվան թանգարանը:

NEWS.am-ի թղթակիցը տեսախցիկը ֆիքսել է, որ արդեն ավարտվել են կոմունիկացիոն համակարգի նորացման աշխատանքները, փողոցի որոշ հատվածներ խճապատվել ու բետոնապատվել են: Ռուսթավելի փողոցի վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել արդեն սեպտեմբերին: Այնուհետեւ կսկսվի մյուս փողոցների, մասնավորապես, Շիրազի, Աբովյանի վերանորոգման աշխատանքները: Այս փողոցների վրա են գտնվում թանգարաններ, պատմամշակութային նշանակություն ունեցող շենքեր, շինություններ: Գյումրիում տարածված տեղեկությունների համաձայն, արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել փողոցների բնակիչների հետ, որ վատ վիճակում գտնվող տները կգնվեն՝ հետագայում նաեւ այս տարածքում ռեստորաններ, հյուրանոցներ կառուցելու նպատակով: Ի դեպ, այստեղ գտնվող տներից մեկն էլ գնել է վարչապետ Կարեն Կարապետյանի ընտանիքը: Այստեղ նույնպես շինարարություն է ընթանում: Չնայած ի սկզբանե խոսակցություններ կային, որ վարչապետն այդ տունը հյուրանոց է դարձնում, այժմ քաղաքում խոսում են, որ Կարեն Կարապետյանն այնտեղ իր համար առանձնատուն է կառուցում:

Գյումրեցիները հույս ունեն, որ պատմական կենտրոնի վերականգնումը կօգնի վերջապես զբոսաշրջային քաղաք դարձնել Գյումրին: