Հեռուստաընկերության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում խոսել է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում Ազգային ժողոի ընդունած փոփոխությունների, ռադիոկայանները թվայնացնելու նախապատրաստական աշխատանքների, ռադիոկայաններին հաճախականություն հատկացնելու նոր մրցույթի մասին։

Որքանո՞վ է Հայաստանը պատրաստ անցում կատարել թվային ռադիոհեռարձակմանը։

Օրենքը թվային ռադիոհեռարձակման անցնելու վերջնաժամկետ չի սահմանել, «ճանապարհային քարտեզը» մշակում է կառավարությունը։ Բայց հեռարձակման արտոնություն ստացած ռադիոկայանները պետք է պատրաստ լինեն թվային հեռարձակման անցնելու ձեւաչափին։ Ի դեպ՝ ՀՌԱՀ-ն արդեն մրցույթի մասին որոշում է կայացրել, որը կանցկացվի ըստ հաստատված գրաֆիկի։ 

Կրկնում եմ, արտոնագիր ստացած ռադիոկայանները պարտավորված չեն լինի անմիջապես թվային հեռարձակման անցնել, բայց նրանք պետք է սկսեն նախապատրաստական աշխատանքները, գնեն անհրաժեշտ տեխնիկական միջոցները։ Հանձնաժողովը ժամկետներ չի սահմանում, որովհետեւ թվային հեռարձակումը դեռ ծայրահեղ անհրաժեշտ պայման չէ, առանց որի անհնար է։ Նկատեմ, որ Եվրոպայում ամբողջությամբ թվային հեռարձակման անցել է միայն Նորվեգիան։ Մյուս երկրներում թվային ձեւաչափը գործում է միայն փորձնական ռեժիմով։ Իսկ շատ երկրներում հեռուստատեսությունն արդեն թվային է, ուստի այստեղ մենք պետք է ավելի վաղ անցում կատարեինք, ինչն էլ արեցինք։

Արդյո՞ք անհրաժեշտ ներդրումները շատ մասնավոր ռադիոկայանների համար բեռ չեն դառնա։

«Չեմ կարծում։ Հեռուստահեռարձակման թվայնացման փորձը ցույց է տվել, որ հեռարձակման նոր ձեւաչափի անցնելու համար գումարները հեռուստաընկերություններն ի վճակի են եղել վճարել, իսկ ռադիոկայաններին ավելի քիչ գումար է անհրաժեշտ։ Հայաստանի Հանրային ռադիոն, FM հեռարձակմանը զուգահեռ, արդեն թվային ձեւաչափով է հեռարձակվում։ Որքան ինձ հայտնի է՝ խոշոր ռադիոկայաններն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները։ Հույս ունենք, որ կլինեն նաեւ հանրապետական ռադիոծածկույթի 3 արտոնագրի հայցորդներ, որտեղ պահանջված ներդրումների մակարդակն ավելի բարձր է։

Վերջին անգամ հաճախականությունները բաշխելու մրցույթ անցկացվել է 2006 թվականին։ Հերթական մրցույթի անցկացումը հետաձգվեց 3 անգամ։ Մասնավոր ռադիոկայանները չեն կարող կանխատեսել՝ արդյո՞ք իմաստ ունի զարգացման վրա գումար ծախսել, թե՞ չեն կարողանա երկու կամ երեք տարի անց աշխատել։ Նոր մրցույթը կպարզեցնի ամեն ինչ։

Որեւէ հետազոտություն անցկացվե՞լ է, թե բնակչության ո՞ր շերտը թվային ազդանշան ընդունող ռադիոընդունիչներ ունի։ Էլ չենք խոսում այն մասին, որ Հայաստանում շատերը ռադիո լսում են տրանսպորտում ու ավտոմեքենայում, եւ այժմ նրանք կզրկվեն նման հնարավորությունից։ 

Մեզ մոտ հիմնականում ռադիո լսում են վարորդներն ու ուղեւորները։ Մոտավոր տվյալներով՝ հանրապետությունում ռադիոընդունիչների կեսից ավելին անալոգային են։ Նոր ավտոմեքենաները վաճառվում են արդեն տեղադրված թվային ռադիոընդունիչներով։ Ուստի ավտոմեքենաների թարմացման հետ մեկտեղ՝ թվային ընդունիչներն ավելի շատ կդառնան:

2014 թվականի հուլիսի 1-ից լարային ռադիոն վերացվել է, որը մինչ այդ հաջողությամբ աշխատում էր մայրաքաղաքում եւ մի շարք այլ քաղաքներում։ Այն հեռարձակում էր Հանրային ռադիոյի առաջին ծրագիրը եւ ռազմական գործողությունների, տարերային աղետների պայմաններում բնակչության կապի ամենահուսալի միջոցն էր։ Որքանո՞վ է դա նպատակահարմար Հայաստանի պայմաններում։

Ամբողջ աշխարհում լարային ռադիոն արդեն կապի համընդհանուր միջոց չէ, քանի որ հեռուստատեսության եւ համացանցի տարածման պայմաններում ունկնդիրների թիվը պակասում է: Մեր դիտարկումների համաձայն՝ տներում այսօր ռադիո գրեթե չեն լսում, եւ դա համաշխարհային միտում է: Արտակարդ իրավիճակների դեպքում բնակչությանը տեղեկացնելու բազմաթիվ այլ՝ ավելի ժամանակակից եւ տեխնոլոգիական միջոցներ կան:

Արդյո՞ք մայրաքաղաքում ու մարզերում ռադիոկայանների՝ խիստ տարբերվող թվի ամրագրումն օրենքում չի ուժեղացնի բնակիչների անհավասարությունը (մայրաքաղաքում առաջարկում են 2 հանրային հաճախականություն, 3 թեմատիկ ու եւս 10 մասնավոր՝ ընդհանուր ուղղվածությամբ, իսկ մարզերում՝ ընդամենը 1 հանրային ու 3 մասնավոր՝ ընդհանուր ուղղվածությամբ)։

Միջազգային մակարդակով հաճախականությունները (բացառությամբ ԱՄՆ-ի) բաշխում է Էլեկտրակապի միջազգային միությունը։ Միջակայքը բաշխում են երկրների միջեւ՝ նրանց բնակչության ու տարածքին համաչափ։ Այսօր Հայաստանի Հանրային ռադիոն 1 միջակայք ունի հանրապետական ծածկույթի համար ու 2՝ մայրաքաղաքային։ Եվս 2 ռադիոկայաններ, մայրաքաղաքից բացի, հեռարձակում են նաեւ մարզերում։ Բայց ոչ բոլոր մարզերում, դրա համար էլ դրանք միայն վերապահումով կարելի է հանրապետական անվանել։ Նոր օրենքով, ինչպես նշեցի, մենք եւս 3 հանրապետական միջակայք ենք հատկացնելու։ Մենք արդեն դիմել ենք Տրանսպորտի նախարարությանն առընթեր հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, որպեսզի նրանք հաշվարկեն, թե ինչ հաճախականություններ են դրա համար հատկացնելու։ Մեր ռելիեֆի մասնատվածությունը հաշվի առնելով՝ ամբողջ հանրապետությունում մեկ հաճախականությամբ հեռարձակելը հեշտ չէ։ Դրա համար էլ դրանք, ամենայն հավանականությամբ, մի քանիսը կլինեն. այնպես, ինչպես հիմա՝ Հանրային ռադիոյի համար։ Իհարկե, հեռարձակման հանրապետական ցանցը ներդրումներ է պահանջում։ Բայց հույս ունեմ, որ կգտնվեն ընկերություններ, որոնք կցանկանան մասնակցել այդ մրցույթներին։

Բացի այդ՝ մտադիր ենք մեկական հաճախականություն առաջարկել Շիրակի ու Լոռու մարզերի ոչ պետական ռադիոկայանների համար։

Խորհրդարանում օրինագիծը քննարկելու ժամանակ շատ է խոսվել այն մասին, որ թվային հեռարձակման անցումը թույլ է տալիս լուծել Հայաստանի սահմանամերձ տարածքներում ադրբեջանական ռադիոկայանների հեռարձակման խնդիրը։ Այն փաստարկը, որ կհաջողվի զբաղեցնել այն ռադիոհաճախականությունները, որոնք երկու երկրներին են տրամադրված, հասկանալի է։ Սակայն դա ի՞նչ կապ ունի ադրբեջանական ռադիոկայանների ազդանշանների ճնշման հետ, այդ թվում՝ նրանց «Հանրապետություն» (ռադիո «Aztv») պետական ռադիոկայանինը, որը Հայաստանի տարածքում հեռարձակվում է միջին ալիքներով անալոգային ձեւաչափով։ Մի՞թե խնդիրը լուծելու միակ միջոցը թշնամական ռադիոկայանների ազդանշանը խլացնելը չէ։

Օրենքի փոփոխություններն այդ խնդրի հետ կապ չունեն, բայց ես հարցին կպատասխանեմ։ Մենք, բնականաբար, պետք է ազատ հաճախականություններն առավելագույնս լրացնենք տեղական կոնտենտով։ Հիմա՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներում ադրբեջանական ռադիոկայանների հեռարձակման մասին։ Այստեղ անհրաժեշտ է հստակ որոշել, թե որտեղ է ռադիոազդանշանի օբյեկտիվ ներթափանցում, իսկ որտեղ՝ միտումնավոր։ Մեր արեւելյան հարեւանների մոտ հաճախականությունների սպեկտորներն ավելի ծավալուն են, իսկ հեռարձակիչները, տարածքից ելներով, ավելի հզոր։ Ու այնտեղ, որտեղ չկան աշխարհագրական խոչընդոտներ, նրանց ազդանշանը հեշտությամբ ընդունվում է մեր տարածքում։ Ադրբեջանից մեր տարածք հիմա հեռարձակվում են հայերեն հաղորդումներ։ Դրա համար էլ երբ պարզենք, թե որտեղ է ազդանշանի ներթափանցումը միտումնավոր՝ քարոզչության ու ապատեղակատվության նպատակով, մենք հոգ կտանենք հակազդման անհրաժեշտ միջոցների մասին։