Արմավիրցի 4-ամյա Կարինեի եւ 5-ամյա Էրիկի մահվան համար 3 տարվա ազատազրկման դատապարտված, «Արմավիր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի նախկին վարիչ Անահիտ Պետրոսյանի պաշտպան Անժելա Ենգիբարյանը հերքում է ներկայացրել NEWS.am-ի հրապարակած «Փողի ուժով ինքն էդպես ազատ ման է գալիս». 3 տարով ազատազրկված բժշկուհին պատիժը կրում է բաց ռեժիմով»  վերնագրով հոդվածի վերաբերյալ:

Հերքումը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հրապարակվել է իրականությանը չհամապատսախանող տեղեկատվություն Անահիտ Պետրոսյանի կողմից պատիժը բաց ռեժիմով կրելու վերաբերյալ:

Տեղակացնում եմ, որ Անահիտ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով անզգուշությամբ երկու երեխաներին մահ պատճառելու դրվագներով և ներկայումս իր պատիժը կրում է ՀՀ ԱՆ Աբովյան քրեակտարողական հիմնարկում:

ՀՀ քրեական օրենսգրքի 19 հոդվածի համաձայն՝ Ըստ բնույթի և հանրության համար վտանգավորության աստիճանի՝ հանցագործությունները դասակարգվում են՝ ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների:

Միջին ծանրության հանցագործություններ են համարվում անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը:

ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասը  նախատեսվում է պատիժ ազատազրկման ձևով ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից  զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այսպիսով. Անահիտ Պետրոսյանի կողմից կատարված արարքը որակվում է որպես միջին  ծանրության անզգուշությամբ կատարված հանցագործություն:

Համաձայն գործող ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի 

Ուղղիչ հիմնարկների տեսակները, ըստ մեկուսացվածության աստիճանների, հետևյալն են.

1) բաց ուղղիչ հիմնարկ.

2) կիսաբաց ուղղիչ հիմնարկ.

3) կիսափակ ուղղիչ հիմնարկ.

4) փակ ուղղիչ հիմնարկ.

5) բուժական ուղղիչ հիմնարկ:

Նույն օրենսգքրի համաձայն՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժ են կրում անզգույշ հանցագործության համար ազատազրկման դատապարտվածերը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում բաց ռեժիմը: Բաց տիպի ՔԿՀ կալանավորները աշխատանք ունենալու դեպքում առավոտյան ժամը 8-ից մինչեւ երեկոյան ժամը 20.00-ն բաց են թողնվում քրեակատարողական հիմնարկից եւ այդ ընթացքում ըստ էության ազատ են իրենց գործողությունների մեջ: Երեկոյան սահմանված ժամին նրանք պետք է վերադառնան ՔՀԿ եւ գիշերեն այնտեղ: Այսինքն՝ սա փաստացի կիսաազատ ռեժիմ է:

Նկատի ունենալով այն փաստը, որ Ա.Պետրոսյանին մեղսագրվել է առաջին անգամ անզգույշ միջին ծանրության հանցագործություն, և որ վերջինս ունի աշխատանքային պայմանագիր, ուստի պատիժը կրելու համար ներկայումս գտնվում է բաց ուղղիչ հիմնարկում: Այսպիսով տուժողի իրավահաջորդների կողմից արված հայտարարությունները այն մասին, որ Ա.Պետրոսյանը գումարի դիմաց պատիժը կրում է բաց ռեժիմով անհիմն են, չեն համապատասխանում իրականությանը, և սա հերթական անգամ իրենց կարծիքը հասարակությանը հրամցնելու, և Ա.Պետոսյանին հեղինակազրկելու փորձ է»: