Արցախում ապրիլի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանի ծնողները վիրավորված են Պաշտպանության նախարարության անտարբերությունից:

19-ամյա ժամկետային զինծառայողն արդեն 3,5 ամիս է՝ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է, սակայն առ այսօր նախարարությունից ոչ ոք նրան չի այցելել, միակ օգնությունը եղել է 200 հազար դրամը:

«Մենք դիմել ենք, որ պաշտպանության նախարարի հետ հանդիպում ունենանք, բայց մինչեւ հիմա ոչ մի արձագանք չկա: Հենց ընենց հոսպիտալում պառկած ենք: Բուժումն այստեղ ավարտել ենք, մեզ հիմա վերականգնողական բուժում է հարկավոր «Առաջին հիվանդանոցում», հատկապես հոգեբանի կարիք ունի Թաթուլը, բայց հիվանդանոցից մեզ հայտնում են, թե տեղ չունենք, իսկ օգոստոսին էլ մասնագետներն արձակուրդ են գնում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թաթուլի մայրը՝ տիկին Նարինեն:

19-ամյա զինծառայողը վիրավորում է ստացել գլխի շրջանում: Թաթուլը բարեբախտաբար հենաշարժողական խնդիրներ չունի, լոգոպեդի այցերի շնորհիվ արդեն խոսում է, հիշողությունը նույնպես վերականգնվում է: Տիկին Նարինեի խոսքով, որդին նաեւ ինքնուրույն ուտում է, բայց հեղուկ խմել չի կարողանում. «Բժիշկները զոնդ են տեղադրել, մեզ էլ ասում են, թե ամեն հնարավորն արել են Թաթուլի համար, հոգեբանի համար ենք ասում իրենց, բայց ասում են, որ չունեն: Առաջին հիվանդանոցից էլ հորդորում են սպասել»:

Թաթուլ Հարությունյանն ավելի քան 1 ամիս անցկացրել է հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում: Այս ընթացքում ծնողները ստիպված ամեն օր Տավուշի մարզի Հաղարծին գյուղից Երեւան են հասել եւ հետ գնացել, միայն հիվանդասենյակ տեղափոխվելուց հետո ծնողներին թույլատրվել է մնալ զինծառայողի մոտ: Տիկին Նարինեն հայտնեց նաեւ, որ դեռեւս հայտնի չէ՝ որդին ազատվել է ծառայությունից, թե ոչ, բաց է մնում նաեւ հաշմանդամության կարգ ստանալու հարցը:

«Մեզ ոչ մի բան չեն ասել, ասում են՝ պիտի Արցախում որոշվի, թե հաշմանդամության կարգ կտան Թաթուլիս, թե ոչ»,- ասաց զինծառայողի մայրը:

Հիշեցնենք, որ 2017թ. ապրիլի 17-ին ժամը 18:20-ի սահմանում ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 19-ամյա Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: