40 տարեկանում, Ատլանտայի կենդանաբանական այգում մահացել է ժեստերի լեզուն սովորած օրանգուտան Չանթեքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Նշվում է, որ օրանգուտանը բուժվում էր սրտի հիվանդության դեմ։ 

Չանթեքը ծնվել է Ատլանտայում եւ ինը տարի ապրել մարդաբան Լին Մայլզի հետ՝ Թենեսիի համալսարանում։ Նա սովորել էր մաքրել իր սենյակը, նորոգել ու օգտագործել իրերը, ինչպես նաեւ կարող էր ցույց տալ համալսարանից մինչեւ Dairy Queen արագ սննդի կետ երթուղին։

 Չանթեքը ժեստերի լեզուն յուրացրած առաջին օրանգուտաններից մեկն է։