Նյու Յորքում գտնվող տունը, որտեղ անցել է ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի մանկությունը, հասանելի է դարձել Airbnb կարճաժամկետ վարձակալության կայքում։ Օրական վարձակալության արժեքը 725 դոլար է, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Կայքը նշում է, որ տունը կարող է մինչեւ 20 մարդու տեղավորել։ Խոհանոցը եւ մյուս սենյակները նույնն են մնացել, իսկ «նոր շքեղ կահույքը ցուցադրում է ոճն ու կարողությունը, որոնց պայմաններում ապրել են Թրամփները», ասվում է հայտարարությունում։ Վարձակալության պայմանների համաձայն՝ տան տարածքում արգելվում է երեկույթներ կազմակերպել եւ ընտանի կենդանիներ պահել։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ անվճար կտրվի նախագահի «հսկայական, ստվարաթղթե պատկերը», որը հյուրասենյակում է տեղադրված։

Երկհարկանի աղյուսե շինությունը 1940 թվականին կառուցել է Թրամփի հայրը, որը հայտնի շինարար էր։ Թրամփներն այնտեղ ապրել են մինչեւ ապագա նախագահի՝ 4 տարեկան դառնալը։

Տունն ունի հինգ ննջասենյակ, չորս լոգասենյակ, բուխարի եւ ձմեռային այգի։ Այժմ այն պատկանում է Չինաստանի քաղաքացուն, որ տունը գնել է 2.14 մլն դոլարով։