Անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող գործակալությունները վստահեցնում են, որ մայրաքաղաքում բնակարանների գների տատանում չկա:
Ըստ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածած տեղեկատվության՝ մեկ տարում մայրաքաղաքում բնակարանների 1 քառ. մետր մակերեսի միջին շուկայական գները նվազել են: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Բարս» անշարժ գույքի գործակալության տնօրեն Մարինա Չատինյանը, սակայն, նշեց, որ գներն անփոփոխ են:
«Շուկան այս տարի ակտիվացել է, ամռան ամիսներին հատկապես կարելի է ասել, որ աշխուժություն կա, ի տարբերություն ձմռանը, երբ պատկերն ավելի տխուր էր: Բնակարանների գները կանգնած են, որեւէ փոփոխություն չկա»,- ասաց Մարինա Չատինյանը:
«Ակցեռն» հոլդինգի նախագահ Հակոբ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ գների նվազում հնարավոր է, որը կարող է կապված լինել արտագաղթի հետ:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում արմատական, շոշափելի փոփոխություն չկա արձանագրած անշարժ գույքի շուկայում, որովհետեւ փոփոխության համար պարտադիր պայմաններ գոյություն ունեն՝ տնտեսության ակտիվություն, գործարար միջավայրի աշխուժություն, համախառն ներքին արդյունքի աճ, որի հիման վրա էլ կարող է հնարավոր դարձնել անշարժ գույքի առքուվաճառքի քանակական աճն ու դրանից հետո միայն նաեւ գների փոփոխությունը»,- ասաց Հակոբ Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության՝ հունիսի տվյալներով, գների մեջ անկումը կազմել է 0․9 տոկոսից (Նուբարաշեն թաղամասում) մինչեւ 9.9 տոկոս (Աջափնյակ)։ Նկատենք, որ Նուբարաշենի մասնաբաժինը մայրաքաղաքի բնակարանային ֆոնդում աննշան է ՝ 0․7 տոկոս, իսկ գներն այնտեղ ամենացածրն են քաղաքում։ Իսկ ահա Երեւանի ամենաթանկարժեք թաղամասում՝ Կենտրոնում, «քառակուսու» շուկայական գները, պաշտոնական տվյալներով, աճել են 5․4 տոկոսով։



























