Տավուշի մարզում ամուսնացած կնոջն առեւանգելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Նարեկն ու Ալիկը դատապարտվել են պայմանական ազատազրկման: Այս մասին NEWS.am-ին ասաց ամբաստանյալների պաշտպան Աննա Մեժլումյանը:
Նարեկն ու Ալիկը դատապարտվել են 4 տարվա պայմանական ազատազրկման: Պաշտպանի խոսքով, նրանք չեն ցանկանում բողոքարկել դատավճիռը: Չի բացառվում, սակայն, Վերաքննիչ քրեական դատարան կդիմի մեղադրողը:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նարեկն ու Ալիկն «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով ապօրինի մուտք են գործել ամուսնացած կնոջ տուն, հարվածել նրան, տնից հանել եւ մոտ 30 մետր բռնի կերպով տեղափոխելով փորձել են նստեցնել մեքենա, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել:
Նարեկին եւ Ալիկին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 147-րդ հոդվածի 1-ին մասով:


























