Հայաստանում քաղաքացիական հասարակություն չկա, կան ակտիվիստներ, որոնք փորձում են քաղաքացիական հասարակության դաշտում ինչ-որ գործողություններ անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ մի քանի տարի առաջ ակտիվիստները պայքարում էին ընդունված օրենքների, նախաձեռնությունների դեմ, սակայան, այժմ դա էլ չկա, որովհետեւ նրանք թույլ տվեցին ստրատեգիական կոպիտ սխալներ, որոն էլ հասարակության շրջանում մեծ հիասթափության առիթ դարձավ:

«Նրանք կոպիտ սխալ թույլ տվեցին այս տարիների ընթացքում. կառավարությունն ինչ-որ ծարգիր էր ընդունում, նրանք նոր փորձում էին պայքարել, ինչ-որ շենք էր կառուցվում, դրա դեմ էին պայքարում: Նրանց պայքարն հիմնականում ուղղված էր կառավարության կողմից իրականացվող քայլերին, այսինքն՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների համար տարվող պայքար չկար»,-ասաց նա:

Արմեն Բադալյանի խոսքով, ակտիվիստները տրատեգիական սխալ թույլ տվեցին. քաղաքացիական հասարակության ինստիտուտների կայացման ուղղությմաբ աշխատելու փոխարեն, պայքար սկսեցին կառավարության կողմից տարվող քաղաքականության դեմ. «Ակտիվիստների մոտ իսպառ բացակայում էր կրեատիվությունը, նախաձեռնությունը, իսկ առանց դրա հաջողության հասնել չի կարելի: Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կայացման համար պայքարողները պետք է նաեւ ֆինանսավորում ունենան, որը, հասկանալի պատճառներով դրսից է լինելու, իսկ դրա համար պետք էր այդ ուղղությամբ աշխատել, որը տեղի չունեցավ»: