Ադրբեջանական արկակոծության հետեւանքով հուլիսի 7-ին բեկորային վիրավորում ստացած զինծառայող Ռոբերտ Գասպարյանը շարունակում է մնալ ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակն արդեն մեկ ամսից ավելի ծանր է: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետ Կամավոր Խաչատրյանը: Նա նշեց, որ զինծառայողին առաջիկայում վիրահատություն է սպասվում:
«Ջերմության հետ կապված խնդիրներ ունի, հենց կարգավորվի՝ պարանոցի շրջանում վիրահատության կենթարկվի»,-ասաց նա:
Ըստ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրության՝ հուլիսի 7-ի առավոտից սկսած հակառակորդը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը՝ օգտագործելով ինչպես հրաձգային զինատեսակներ, այնպես էլ Դ-30 եւ Դ-44 տիպի հրանոթներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր:
Ադրբեջանական զինուժի արկակոծության արդյունքում՝ տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) եւ Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):




























