Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքում Հայաստանի դեմ կայացված վճիռներով ՀՀ գլխավոր դատախազությունը ծայառողական ուսումնասիրություն է անցկացնելու:
Դատախազության կոլեգիայի սույն թվականի հունիսի 23-ին կայացած նիստի ժամանակ հանձնարարվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ՀՀ-ի դեմ վճիռ կայացնելու յուրաքանչյուր դեպքում անցկացնել ծառայողական ուսումնասիրություն եւ բացթողում թույլ տված դատախազին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության դեպքում զեկուցագիր ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին:
NEWS.am-ը սրա վերաբերյալ գրավոր հարցում էր ուղարկել գլխավոր դատախազություն՝ պարզելու համար, թե սույն որոշումը վերաբերում է հունիսի 23-ից հետո կայացվող վճիռներին, թե ոչ, կան արդեն կարգապահական պատասխանատվության ենթարկված դատախազները: Մեր հարցմանն ի պատասխան, դատախազության հանրային կապերի բաժնից մասնավորապես հայտնել են. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում ծառայողական ուսումնասիրություններ չեն անցկացվել, քանի որ ՀՀ դատախազության կոլեգիայի 2017 թվականի հունիսի 23-ի նիստից հետո, որի ընթացքում որոշվել է Եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման յուրաքանչյուր դեպքի առթիվ ՀՀ դատախազությունում ծառայողական ուսումնասիրություններ անցկացնել, Հայաստանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացված վճիռներից որևէ մեկով ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում չի արձանագրվել»:
Նշենք, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածը վերաբերում է խոշտանգումներին:




























