Yell Extreme Park-ը տոնել է իր ծննդյան երկրորդ տարեդարձը։ Այս կապակցությամբ օգոստոսի 19-ին այնտեղ կայացել է տոնական միջոցառում՝ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ, կազմակերպվել են խաղեր ու համերգային ծրագիր (ֆոտոռեպորտաժ)։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Yell Extreme Park-ի հեղինակ ու համահիմնադիր Տիգրան Չիբուխյանը, ամփոփելով երկու տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, նշել է, որ Հայաստանում հնարավոր է զանազան հետաքրքիր նախագծեր կազմակերպել։ «Այսօր մենք տոնում ենք մեր  ծննդյան երկրորդ տարեդարձը։ Նրանք, ովքեր եղել են այստեղ մեկ տարի առաջ, կարող են գնահատել, թե ինչ է արվել այս ընթացքում», -նշեց Չիբուխչյանը։ Այս տարի Yell Extreme Park-ը մտադիր է 300 տոկոսով «մեծանալ»՝ այցելուների թիվը հասցնելով 15 հազարի։

«Շատերի մոտ պարկն ասոցացվում է զիփլայնով։ Բայց Yell Extreme Park-ը միայն զիփլայն չէ, մենք մշտապես ձգտում ենք ավելացնել ատրակցիոնների թիվը, հավելել որեւէ նոր բան։ Խենթ ատրակցիոններ։ Նաեւ չենք մոռանում նրանց, ովքեր պարզապես եկել են բնությամբ հիանալու»,- ասաց Չիբուխչյանը։ Նորարություններից է զորբինգը (բարձրությունից թափանցիկ գնդի մեջ գլորվելը) ու բաբլ ֆուտբոլը։

Տիգրան Չիբուխչյանի խոսքով՝ այցելուների թիվը գագաթնակետին է հասնում օգոստոսին, ու կա սեզոնայնության խնդիր։ «Բայց այդ խնդիրն էլ ենք լուծում ու շուտով կհայտնենք, թե այդ կապակցությամբ ինչ հետաքրքիր ծրագրեր ունենք»։ Այս տարի պատրաստվել են 4 լեռնագնացային երթուղիներ, ընդամենը ծրագրվում է դրանց թիվը հասցնել 10-12-ի ։ Նաեւ մտադիր ենք իրականացնել լեռնագնացության փառատոնի նման միջոցառում։ Այս հարցում մեզ փորձով ու խորհուրդներով կօգնի Լեռնագնացության ֆեդերացիան։

Հյուրերը հնարավորություն ունեին զիփլայնից օգտվել, ճոճվել հսկայական ճոճարաններով, թռչել պարապլանով, էքստրեմալ խաղեր խաղալ։ Տոնակատարությունն ավարտվեց համերգով՝ DJ Բիթմանի, Արամ MP3-ի, Հայկ Պետրոսյանի սթենդափ շոուի, իջեւանյան P5P խմբի ու «Նեմրա» ռոք խմբի մասնակցությամբ։