Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման մեխն իհարկե լինելու է Արցախի թեման: Այս մասին գրել է «Թաֆթս» համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ անդրադառնալով այսօր՝ օգոստոսի 23-ին, Սոչում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների սպասվող հանդիպմանը:
«Բնական է, որ Սարգսյան-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվելու է Արցախյան հիմնախնդիրը։
Ակնհայտ է, որ խոսվելու է ԵՏՄ-ի թեմայով։ Կարծում եմ, եթե թեման իրոք կա, ապա Թուրքիա-ԵՏՄ հնարավոր համագործակցության մասին Պուտինը հարցնելու է Սարգսյանի դիրքորոշումը։ Չեմ բացառում, որ Պուտինն ու Էրդողանը խոսել են այդ թեմայով։ Նկատեմ, որ Պուտինը երբեք ոչ մի այլ պաշտոնյայի հետ այդքան ակտիվ հեռախոսակապի մեջ չի եղել, որքան Էրդողանի։ Չեմ բացառում, որ օրեր անց կրկին Մոսկվա-Անկարա հեռախոսազանգ կլինի։
Չնայած դրան, հանդիպման մեխը իհարկե լինելու է Արցախի թեման։ Կարծում եմ կրկին կխոսվի Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված համաձայնությունների մասին, որոնք Ադրբեջանը դեռեւս չի կատարել։ Ի դեպ ռուսական կողմը պարիտետ պահելու հարցում այնքան է խորացել, որ Սարգսյան-Պուտին հանդիպումն էլ է Սոչիում կազմակերպում՝ Պուտին-Ալիեւ օրինակով»,-ընդգծել է քաղաքագետը Facebook-ի իր էջում:


























