1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում մեր անկախությունը մեկ աստիճանով նվազեցվել է. այնտեղ գրված է «Հայաստանի Հանրապետություն», այլ ոչ թե «Հայկական Հանրապետություն», մենք մեկ քայլ հետ ենք գնացել: Օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց նախկին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:

Նրա խոսքով՝ օբյեկտիվ իրականությունը նրանում է, թե որքան կարեւոր էր պատմական այդ ժամանակահատվածում անկախությունը: «Այն ժամանակ Խորհրդային միության տարածքում ապակառուցողական գործընթաց էր սկսվել, եւ բոլոր ժողովուրդները ձգտում էին իրենց ճակատագիրն իրենց ձեռքը վերցնել: Այսօր նման իրավիճակ է ամբողջ աշխարհում»,- նշեց Աշոտ Մանուչարյանը: Նա հավելեց, որ 1988-90 թվականներին Հայաստանն իսկապես անկախ էր:

«Անկախությունն ամենահիմնարար գաղափարներից է: Ժողովուրդն աշխարհի համար կարեւոր է միայն իր ինքնությամբ: Բայց մենք մի կողմ ենք թողել մեր ժողովրդի հիմնարար արժեքները եւ վերցրել ենք ուրիշներինը»,- հավելեց նա: