Ամերիկյան McDonald's-ը, որին է պատկանում աշխարհում ամենախոշոր արագ սնունդի ցանցը, խոստացել է ամբողջ աշխարհում հավի մսում մարդկանց բուժման համար կիրառվող հակաբիոտիկների օգտագործումը կրճատել մի քանի փուլով, նշված է ընկերության հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Փոփոխություններն առաջին հերթին կառնչվեն Բրազիլիային, Կանադային, Հարավային Կորեային, Ճապոնիային: ԱՄՆ-ում McDonald's-ը դեռեւս 2015 թվականին էր մտադրվել 2 տարվա ընթացքում հրաժարվել հակաբիոտիկներ պարունակող հավի մսից:

McDonald's-ը պահանջել է, որպեսզի թռչնամիս մատակարարողներն աստիճանաբար դադարեցնեն թռչուններին դեղամիջոցների օգտագործմամբ կերով սնել:

Եվրոպայում ընկերությունը կշարունակի օգտագործել կոլիստին հակաբիոտիկը, սակայն 2019 թվականի վերջին թռչնաբուծության մեջ դրա կիրառումը կդադարեցվի, եւ ծրագիրը կընդլայնվի Ավստրալիայում ու Ռուսաստանում:

McDonald's-ը հույս ունի 2027 թվականի հունվարին ծրագրին մասնակցող բոլոր շուկաներում լիովին հրաժարվել հակաբիոտիկներ պարունակող հավի մսից: Ընկերությունը աշխատում է նաեւ տավարի մսում, կաթում եւ կաթնամթերքում, խոզի մսում, նաեւ հավկիթում հակաբիոտիկների կրճատման ուղղությամբ:

McDonald's ցանցը միավորում է 37 հազարից ավելի ռեստորաններ 100 երկրներում եւ սպասարկում է օրական ավելի քան 70 մլն հաճախորդի: