Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կարծում է, որ կառավարությունն ընտրել է դպրոցների օպտիմալացման ավելի լավ տարբերակ, քան նախատեսվում էր եւ այս տարբերակը կրթության ոլորտում բարդությունների չի հանգեցնի:

«Այս իրավիճակի համար լավագույն որոշում ընտրվեց, որովհետեւ իրականում նախատեսված էր մինչեւ 300 աշակերտ ունեցող դպրոցները օպտիմալացնել, վարչապետն էլ առաջարկել էր մինչեւ 450 աշակերտ ունեցող դպրոցները: Եթե այդպես անեին՝ մեծ ցնցումների էր բերելու, որովհետեւ Հայաստանում հսկայական թվով դպրոցներ կունենային մինչեւ 300 աշակերտ: Այժմ ինչքանով ես տեսնում եմ, նախարարությունը գնաց ավելի քիչ ցավոտ տարբերակի՝ հիմնականում քաղաքներում գտնվող մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներն ընտրեցին, որոնք թաղամասի միակ դպրոց չեն, հեռու չեն»,-ասաց նա:

Կրթության փորձագետը նշեց, որ դպրոցների օպտիմալացումը համակարգի արդյունավետության առումով շատ բան չի փոխի, բայց լավ է, որ գոնե ի վերջո այս տարբերակն ընտրվեց. «Սա համակարգի արդյունավետության առումով շատ բան չի փոխի, բայց եթե 300-ի օպտիմալացնելու տարբերակին գնային՝ հսկայական թվով մարդիկ դուրս էին մնալու եւ տարբեր խնդիրներ էին առաջանալու, որին կառավարությունը պատրաստ չէ դիմակայել:  Նորմալ է, եթե փակում են, պետք է նաեւ կրճատում լինի, այդ կրճատումներով առանձնապես շատ մեծ գումար չի խնայվի, մանավանդ, երբ ուսուցիչների ժամերը մնում են, դպրոցը աշակերտի թվով ֆինանսավորումը կստանա, երեւի խոսքը տարեկան մոտ 100 միլիոն դրամի մասին է, որը դպրոցների օպտիմալացման արդյունքում խնայվելու է»: