Սահմանամերձ Բերդավան գյուղում, եթե ոռոգման ջրի խնդիրը չլիներ, գյուղացիները գյուղատնտեսությամբ ավելի շատ կզբաղվեին եւ ավելի առատ բերք կլիներ: NEWS.am-ի հետ զրույցում Բերդավանի գյուղապետ Սմբատ Մուղդուսյանը նշեց, որ ամբողջ ամառվա ընթացքում բերդավանցիները բերքը 5 անգամ ոռոգելու հնարավորություն են ունեցել՝ 3-6 օրով:
«Բայց անցած տարվա համեմատ, այս տարի ավելի լավ է՝ 5 անգամ են տվել ջուրը՝ մինչեւ 6 օր, իսկ անցած տարի 4 անգամ էին տվել: Այս տարի մի անգամ տալիս են կարողա է մի 6 օր տեւի, կամ 5 օր, հետո նորից անջատեն: Բերդավանցիները ոռոգման ջրի պակասի պատճառով բանջարեղեն շատ քիչ են աճեցնում, հիմնականում ծխախոտի թութուն, կուկուրուզ, խաղող եւ դեղձ»,-ասաց նա:
Գյուղապետի խոսքով, գյուղի հողատարածքները ոռոգվում են Դեբեդ գետից քառաստիճան պոմպակայանների միջոցով ջուր բերելով եւ Կողբ գետից երկաստիճան պոմպակայանների միջոցով ջուր վերցնելով:
«Կողբ գետից սահմանի վրա գտնվող խաղողի այգիներն են ջրում, կարելի է ասել, որ դրանք ամեն օր աշխատում են: Իսկ մյուս դաշտերը ոռոգելու համար ջուրը վերցնում ենք Դեբեդ գետից՝ քառաստիճան պոմպակայանների միջոցով: 60-ական թվականներին կառուցված համակարգ է եւ վթար է, որ վթարի վրա լինում է: Դեբեդի ջուրը շատ է, բայց ֆինանսական վիճակի մասով շատ ծանր է»,-ասաց նա:




























