Աշխարհում անենահին գինին, որը 6 հազար տարեկան է, հայտնաբերել են Սիցիլիա կղզում: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը՝ վկայակոչելով Microchemical Journal-ում հրապարակված հոդվածը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանից հնագետ Դեւիդ Տանազիի ղեկավարած գիտնականների խումբը Իտալիայի Կատանիի համալսարանի Գիտության եւ հետազոտությունների ազգային խորհրդի մասնագետների մասնակցությամբ Ագրիջենտոյի մոտ գտնվող քարանձավում մեծ կավե կուժում գինու հետքեր են հայտնաբերել:
Հաջողվել է պարզել, որ գինին Ապենիններում տարածված էր դեռեւս պղնձի-քարի դարաշրջաններում, այլ ոչ թե բրոնզի, այսինքն՝ 2 հազար տարի ավելի վաղ, քան կարծում էին մինչեւ հիմա: Անոթի պատերի քիմիական անալիզով պարզվել է, որ դրա մեջ եղած հեղուկը թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով: Այն, որ դրանում հենց գինի է պահվել, պարզվել է հայտնաբերված քիմիական տարրերով, որոնք սովորաբար պարունակվում են եռացող խաղողում:


























