ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների 23 երեխա (այդ թվում՝ մարզի ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների աշխատակիցների ընտանիքների 12 անդամ), հանգսիտը կանցկացնի Խորվաթիայի Նովի Վինոդոլկսի քաղաքում գտնվող Կարմիր խաչի ճամբարում:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այս գիշեր նրանք Երեւանից մեկնել են Խորվաթիա եւ այնտեղ կմնան մեկ շաբաթ:
Հրավիրող կազմակերպությունը Խորվաթիայի Կարմիր խաչի Զագրեբի մասնաճյուղն է։ Երեխաների հանգիստը կազմակերպվել է ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ Խորվաթիայի Ականազերծման կենտրոնի միջեւ համագործակցության արդյունքում։
Ուղեւորության բոլոր ծախսերը հոգացել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի քաղաքապետարանը, իսկ երեխաների օրապահիկն ապահովել ՀՀ ԱԻՆ համակարգի աշխատողների արհեստակցական կազմակերպությունը։ Երեխաներին Խորվաթիայում կուղեկցեն ՀՀ ՊՆ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները:
Երեխաները հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքներից են, ՀՀ Տավուշի մարզի 18 համայնքներից (Բերքաբեր, Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Բարեկամավան, Ոսկեվան, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Բերդ, Սարիգյուղ, Նոյեմբերյան, Դովեր, Բերդավան, Ազատամուտ, Այգեպար, Մովսես, Այգեձոր):





























