«Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի» շենքի ապամոնտաժման հարց գոյություն չունի: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Թատերականը ինչպես կա, այնպես էլ մնալու է: Ապամոնտաժվելու է ինստիտուտի քոլեջի մասնաշենքը, որի տեղում մասնավոր ներդրումների հաշվին կառուցվելու է Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնի շենքը»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այդ հարցը ներառված է կառավարության օգոստոսի 31-ի նիստի օրակարգում: Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը գործադրին է ներկայացրել կառավարության որոշման մի նախագիծ, որով նախատեսվում է ինստիտուտի շենքը քանդել՝ նոր շենք կառուցելու նպատակով:

Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Ամիրյան փողոցի 76-80, Փ. Բուզանդի փողոցի 103-105 հասցեներով սահմանափակված տարածքի նկատմամբ կառավարության 2007 թվականի որոշմամբ ճանաչվել էր բացառիկ՝ գերակա հանրային շահ:

Ներկայացված որոշման ընդունումը պայմանավորված է Կենտրոն վարչական շրջանում 1278.07 քմ ընդհանուր մակերեսով տարածքում նոր բազմաբնակարան շենքի կառուցմամբ, 955.69 քմ հողամասի վրա Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հին շենքը ապամոնտաժելու եւ նոր շենքի կառուցմամբ եւ Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 դպրոցին հարակից տարածքի բարեկարգմամբ:

Այս ծրագրի հետ կապված կրթության եւ գիտության նախարարությունը սկզբունքային առարկություններ չի ներկայացրել: Առարկություններ չի ներկայացրել նաեւ Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը: