Նոր ուսումնական տարվան ընդառաջ՝ ոլորտում առկա խնդիրներին եւ լուծման ուղիներին առնչվող հարցեր են քննարկվել հանրակրթական դպրոցների օգոստոսյան ավանդական խորհրդակցության ժամանակ, որին ներկա են գտնվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, Երեւանի վարչական շրջանների ղեկավարները, ինչպես նաեւ մայրաքաղաքի հանրակրթական եւ ավագ դպրոցների տնօրենները:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հանդիպման մասնակիցներին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է այն հիմնական դիտարկումները, որոնք կարեւոր դերակատարում կարող են ունենալ կրթօջախների արդյունավետ գործունեության ու կրթական որակի բարելավման համար: Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է մայրաքաղաքի հիմնական ու ավագ դպրոցների ակտիվ համագործակցությունը, նկատելով, որ այս աշխատակարգն իր հերթին կնպաստի ավագ դպրոցների կայացմանը: Անդրադառնալով դպրոցներում կրթական որակի ապահովմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ դրա վառ ապացույցը նաեւ տարբեր օլիմպիադաներում տվյալ դպրոցների սաների գրանցած հաջողություններն են:

«Դպրոցի լավ լինելը երբեք չպետք է պայմանավորվի միայն շատ աշակերտներ ունենալու հանգամանքով: Դրան կարող է նպաստել ինչպես կրթօջախների աշխարհագրական դիրքը, այնպես էլ դպրոցի հարմարավետ պայմանները: Իմ խորին համոզմամբ՝ որպես չափորոշիչ պետք է դիտարկվի նաեւ տվյալ կրթօջախից առարկայական օլիմպիադաներին մասնակից աշակերտների ու հաղթողների թիվը, ինչը լավագույնս ցույց կտա մանկավարժական կոլեկտիվի աշխատանքի արդյունավետությունը: Եթե դպրոցը հաղթող չի ունեցել, դա արդեն լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա: Լավ կրթօջախ ասվածի վառ ապացույցը հենց աշակերտների գրանցած հաջողություններն են ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Եվ ուրեմն, եղեք հետեւողական եւ այս ուղղությամբ ամենօրյա աշխատանք տարեք, քանի որ ձեր արդյունավետ աշխատանքի լավագույն ապացույցը հենց ձեր սաների գրանցած հաջողություններն են», - ընդգծել է քաղաքապետը:

Խոսելով «Օգնիր դպրոցիդ» ծրագրի մասին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս շեշտել է, որ նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կամավորության սկզբունքով կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը:

«Օգնիր դպրոցիդ» ծրագրի գործարկման հենց առաջին օրից մենք հստակ հայտարարել ենք, որ այն պարտադրված բնույթ չի կրելու: Մեր այս նախաձեռնության նպատակն ի սկզբանե եղել է կյանքում որոշակի հաջողությունների հասած նախկին շրջանավարտների կամ բարերար ծնողների կողմից կամավորության սկզբունքով իրենց կրթօջախներին ցուցաբերվող աջակցության թափանցիկության ապահովումը, ինչը, կարող ենք փաստել, որ հաջողվել է: Այսօր մեկ անգամ եւս ուզում եմ հստակեցնենք, որ այս ծրագիրը բացառապես կամավորության սկզբունքով աջակցություն ցուցաբերելու համար է գործարկվել, այլ ոչ թե դպրոցների ներկայիս սաների ծնողներին պարտադրելու, որ գումար փոխանցեն: Սա եւս որոշակի ցուցիչ է, թե որքանո՞վ է տվյալ կրթօջախը հետք թողել հաջողությունների հասած իր նախկին սաների կյանքում, ովքեր պատրաստակամ են իրենց լուման ներդնելու հարազատ կրթօջախի զարգացման գործում», - նշել է Տարոն Մարգարյանը:

Երեւանի քաղաքապետն առանձանկի կարեւորել է նաեւ կրթօջախների ակտիվ համագործակցությունը Երեւանի քույր ու գործընկեր քաղաքների հետ՝ ընդգծելով որ այն հրաշալի հարթակ է փորձի փոխանակման համար: Անդրադառնալով դպրոցական խորհուրդներին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այդ խորհուրդների աշխատանքը պետք է լինի արդյունավետ, թափանցիկ ու տեսանելի բոլորի համար: