ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել է, որ ԿԺԴՀ-ի ճգնաժամի լուծման պարագայում գործողությունների ռազմական տարբերակը չի բացառում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սարա Սանդերսը՝ նախագահի օդանավում լրագրողների հետ զրույցի ժամանակ, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«Նախագահը հասկացրեց, որ ինքը զգում է՝ նման բան կարող է լինել։ Եվ, իհարկե, կարծում եմ, որ եթե նա նայեր այդ ուղղությամբ, կհենվեր այնպիսի մարդկանց վրա՝ ինչպես Մեթիսն է»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ամերիկյան վարչակազմը ԿԺԴՀ-ի խնդրի հետ կապված ռազմական տարբերակներ քննարկում է։

Սանդերսի խոսքով՝ ԱՄՆ-ն Փհենյանի հետ կապված «լուրջ քայլեր է ձեռնարկում»։ Նա նշել է, որ «նախագահը գործողությունների տարբեր տարբերակներ է քննարկում»։

Ավելի վաղ Մեթիսը լրագրողներին ասել էր, որ ԱՄՆ-ն չի հրաժարվում ԿԺԴՀ-ի ճգնաժամի լուծման դիվանագիտական ուղիներից։