Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է վերացնել տանից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 31-ին կառավարություն նիստում ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նա ներկայացրել է երկու նոր օրենքների նախագծեր` «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին»:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքով՝ առաջին օրինագիծը հստակեցնում է Հայաստանի պաշտպանական քաղաքականության հարցը ռազմական եւ խաղաղ ժամանակներում, ինչպես նաեւ զինվորականների եւ քաղաքացիական անձանց, պետական եւ մասնավոր կազմակերպությունների գործողությունների կարգը:

Ըստ նախարարի, օրենսդրական փոփոխություններով կյանքի կկոչվեն հանրային քննարկում անցած «Պատիվ ունեմ» եւ «Ես եմ» ծրագրերը:

«Զինվորական ծառայության մասին» օրենքի նախագիծը նպատակ ունի համապատասխանեցնել Սահմանադրության փոփոխված տեքստի պահանջները եւ նոր քաղաքականության համար իրավական հիմք ապահովել: Մի շարք վերանայումներ են առաջարկվում զորակոչի կազմակերպման մեջ: Այսպես` վերացվում է տնից առնվազն 150 կմ հեռու ծառայելու պահանջը, որը ժամանակին ներդրվել էր կարգապահության ապահովման նպատակով»,- նշել է նախարարն ու հավելել. «Քանի որ մենք դա այժմ շատ արդյունավետ կազմակերպում ենք վիճակահանությամբ, ուստի որեւէ պատճառ չկա, թե ինչու նույն վիճակահանությամբ  քաղաքացին չպետք է տանն ավելի մոտիկ գտնվող զինվորական ծառայություն անցնի: Դա մենք վերացնում ենք որպես խնդիր, քանի որ դա որեւէ խնդիր չի լուծում»։