ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսայի գլխավորած պատվիրակությանը:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին`ՀՀ ԿԳ նախարարը կարեւորել է հայ-իրաքյան հարաբերությունների զարգացմանն ուղղված գործնական քայլերը՝ հատկապես կրթության եւ գիտության ոլորտներում: Հանդիպման ընթացքում ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաեւ կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը:

Նախարար Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է, որ Հայաստանի բարձրագույն կրթական համակարգը Բոլոնյան գործընթացի ակտիվ մասնակից է եւ այժմ այն պատրաստվում է անցնել եվրոպական չափանիշներին համապատասխան ծրագրային հավատարմագրման:

Այդ առումով ԿԳ նախարարը կարեւորել է այն հանգամանքը, որ Իրաքի հետ համագործակցության՝ կրթաթոշակների տրամադրման, ուսանողների փոխանակման գործընթացը ապահովվի երկու պետությունների կրթության նախարարությունների երաշխավորագրերի առկայությամբ:

Լեւոն Մկրտչյանը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստանը «Հորիզոն 2020» եվրոպական գիտական ծրագրի լիիրավ անդամ է, որը հնարավորություններ է ստեղծում համատեղ գիտական նախագծերի իրականացման համար: ԿԳ նախարարը հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-իրաքյան կրթական եւ գիտական հարաբերությունները, որոնք կարձանագրվեն համագործակցության հուշագրով:

Իրաքի բարձրագույն կրթության եւ գիտական հետազոտությունների նախարար Աբդ ալ-Ռազակ Աբդ ալ-Ջալիլ ալ-Իսան, շնորհակալություն հայտնելով նախարար Մկրտչյանին ջերմ ընդունելության համար, հայ-իրաքյան հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորել է կրթական ոլորտում լայն համագործակցության հնարավորությունը: Նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել հատկապես բարձրագույն կրթության ոլորտում՝ բժշկական եւ ինժեներական մասնագիտությունների նկատմամբ, շեշտել համագործակցության հնարավորությունները բնական գիտությունների մասով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը նախատեսվում է անցկացնել 2017 թվականի սեպտեմբերի 25-26-ը, Երեւանում: