Հավանայում ԱՄՆ-ի դեսպանատան 19 աշխատակիցներ տուժել են միջադեպերի հետեւանքով, որոնք ամերիկյան պետքարտուղարությունն ավելի վաղ «ձայնային հարձակում» էր որակել։ Այս մասին հայտնել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Հիզեր Նոյթերթը, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։
«Մենք կարող ենք հաստատել, որ եւս մեկ նման դեպք է գրանցվել անցյալ ամիս։ Այն այժմ հետաքննվում է»,- ընդգծել է նա։
Օգոստոսի սկզբին Վաշինգտոնում պնդում էին, որ միջադեպերը գրանցվել են 2016 թվականի աշնանից 2017-ի գարունն ընկած ժամանակահատվածում։ Այդ ժամանակ Հավանայում խոստացել էին արձագանքել իրավիճակին եւ ամերիկյան իշխանություններին օգնել ուսումնասիրել կատարվածը։
American Foreign Service Association-ում (ԱՄՆ պետքարտուղարությանն առընթեր արհմիություն) հայտնել են, որ տուժածների մոտ «թեթեւ վնասվածքներ, գլխուղեղի այտուց, լսողության կորուստ, ուժեղ գլխացավեր եւ կոգնիտիվ խանգարումներ են ախտորոշել»։
Կուբայում Կանադայի դեսպանատան առնվազն մեկ աշխատակցի մոտ նույնպես «արտասովոր ախտանշաններ են հայտնաբերվել»՝ նման նրանց, որոնք ախտորոշվել են Հավանայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների շրջանում։




























