Նրա խոսքով, Հայաստանում 0-3 տարեկան երեխաների միայն 30 տոկոսն է մանկապարտեզ հաճախում, իսկ 3-6 տարեկանների` 51 տոկոսը, ինչը բավարար արդյունք չէ. «Պատճառն այն է, որ տարիներ առաջ մանկապարտեզներ փակվեցին, շենքերը վաճառվեցին, իսկ հետո, երբ պետական ու անվճար դարձան դրանք, բոլորն ուզեցին, որ իրենց երեխան մանկապարտեզ հաճախի: Հիմա էլ հերթեր են գոյացել, քանի որ մանկապարտեզների թիվը շատ քիչ է»,-ասաց նա՝ հավելելով, որ եթե երեխային ուզում ենք սովորող դարձնել, պետք է շեշտը ոչ թե ավագ դպրոցի վրա դնել, այլ` մանկապարտեզների:
Նույն խդրին անդրադառնալով, Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը նշեց, որ մանկապարտեզների հետ կապված քաղաքապետարանի արած քայլերը ոչ մի օրենքի չի ենթարկվում:
«Մարդիկ իրենց երեխաներին հերթագրում են ու տարիներ շարունակ սպասում, երբեմն այնքան երկար են սպասում, որ երեխան արդեն դպրոց գնալու տարիքին է հասնում: Նախակրթական տարիքը սկսվում է 0-3 տարեկանից, բայց այսօր մեր մանկապարտեզները սկսում են երեխաներին հերթագրել 3 տարեկանից: Դա ծնողներին փաստի առջեւ է կանգնեցնում»,-ընդգծեց Բախշյանը:




























