Ախուրյան գետի ջրօգտագործումը, հետագայում՝ նաեւ Ախուրյանի ջրամբարը, օգտագործվում են Թուրքիայի Հանրապետության հետ համատեղ՝ 50/50 սկզբունքով՝ 1927 թվականին ձեռք բերված միջպետական համաձայնագրի հիմքով: NEWS.am-ին այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ջրամբարի կառավարման հետ կապված որեւէ որոշում չի կարող ընդունվել միակողմանի: Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի եւ Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք, որոնց ջրապահանջը կազմում է 327,5 մլն խ/մ: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մլն խ/մ՝ անցյալ տարվա 545,75 մլն խ/մ դիմաց: Այսօրվա դրությամբ, ջրամբարից թողնվել է 305.21 մլն խ/մ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ջրամբարը նախատեսված է միայն ոռոգման նպատակով ջրի կուտակման համար, այնտեղ ձկնաբուծական գործունեությունը օրենսդրորեն կարգավորված չէ: Ախուրյանի ջրամբարում ձկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբեւէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ավելին՝ ՋՏՊԿ-ն իրավասու չէ նման թույլտվություն տալ՝ առանց թուրքական կողմի համաձայնության: Հարկ է նշել, որ թե՛ ջրի կուտակման, թե՛ շահագործման ողջ ընթացքում Հայաստանի եւ Թուրքիայի կողմից պահպանվել է ջրամբարից էկոլոգիական թողքը՝ 1.5 մ ³/վրկ թողունակությամբ: Ինչ վերաբերվում է ջրամբարի մեռյալ ծավալին, ապա հարկ է նշել, որ այն, ըստ էության, նախատեսված չէ ձկնաբուծության կամ այլ տեսակի գործունեության իրականացման համար: Դա բացառապես տեխնիկական ծավալ է, որը հաշվարկվում է՝ հաշվի առնելով ջրամբարը շահագործման հանձնելու պահից հետո 100 տարիների ընթացքում դրանում կուտակված տիղմի, այլ ոչ որեւէ նպատակով օգտագործման ենթակա ջրի կանխատեսելի ծավալը: Նշենք, որ ս.թ. սեպտեմբերի 2-ից հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները Ախուրյանի ջրամբարից, ինչի արդյունքում սեպտեմբերի 3-ին նախորդ օրվա նկատմամբ ջրի ծավալներն ավելացել են 0,61 մլն մ³ -ով: Այս ընթացքում թուրքական կողմը ջրբացթողում իրականացնում է՝ 10 մ³/վրկ թողունակությամբ:
Հայկական կողմը դադարեցրել է ջրբացթողումները, թուրքական կողմը ջրբացթողում իրականացնում է՝ 10 մ³/վրկ թողունակությամբ. ՋՏՊԿ
Տեղադրություն




























