Հարավային Կորեայում սեպտեմբերի 4-6-ն անցկացվող Գլոբալ ենթակառուցվածքների համագործակցության համաժողովի շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է Հարավային Կորեայի հողի, ենթակառուցվածքների եւ տրանսպորտի նախարար Քիմ Հյուն-Միին:

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկել են ճանապարհաշինության, թվային ենթակառուցվածքների ոլորտների զարգացման հեռանկարներին առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող պետական քաղաքականությունը եւ ընթացիկ ծրագրերը: Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ պետություն-մասնավոր հատված համագործակցության ձեւաչափով հարավկորեական փորձի, տեխնիկական ներուժի եւ Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերում հարավկորեական ընկերությունների ներգրավման հարցի շուրջ:

Նախարար Վահան Մարտիրոսյանը Քիմ Հյուն-Միին հրավիրել է Հայաստան: Վերջինս իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել եւ խորացնել երկկողմ համագործակցությունը: