«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երկու շաբաթ համացանցից դուրս լինելու «օրհնյալ» օրերը վերջացան: Սեպտեմբերի 1-ին միացրեցի համակարգիչս, եւ ինձ վրա փչեց հայկական ֆեյսբուքի քամին…
Արձակուրդներին, բարեբախտաբար, հաջողվեց գրքեր կարդալ: Կարեւոր չէ, թե ինչ, թեկուզ ոչ այնքան տաղանդավոր ստեղծագործություններ: Ես զգում եմ, թե ինչպես են գրքերն ինձ դարձնում ավելի բարդ, ավելի հարուստ, ավելի հետաքրքիր: Ի հակադրություն ֆեյսբուքյան եւ ընդհանրապես ինտերնետային գրառումների, որոնք ճիշտ հակառակը՝ ինձ դարձնում են ավելի պարզունակ եւ աղքատ: Ինչո՞ւ է այդպես:
Երեւի պատճառը հետեւյալն է. մարդը, որը որոշում է գիրք կամ թեկուզ թերթի հոդված գրել, անկախ ինտելեկտի եւ տաղանդի աստիճանից, իրեն ավելի հավաքված եւ պատասխանատու է զգում: Նա Մեկն է, Անհատականություն է, Հեղինակ է, որն իր մտքերն է փոխանցում 10, 100, 1000 հոգու: Ֆեյսբուքում մենք միլիարդանոց զանգվածի մասնիկն ենք, որեւէ բարձր պարտավորություն չունենք: Այստեղից է, հավանաբար, բամբասանքային-դիլետանտական ոճը, որը գերիշխում է համացանցում (համենայնդեպս` հայկական)` մտքեր, որոնք ծնվում են նախապաշարումներից, տասնամյակներով ձեւավորված կարծրատիպերից, ցածրակարգ առասպելաբանությունից, դրանց վրա հիմնված ֆանտաստիկ լուրերից, «աբիժնիկությունից», մթին բնազդներից, որեւէ մեկին կծելու, խայթելու ցանկությունից:
Aravot.am-ում, օրինակ, կան ընթերցողներ, որոնց նյարդերին ակնհայտորեն ազդում է իմ գրած ամեն մի տողը: Գրքի կամ թերթի պարագայում լուծումն ակնհայտ է. չկարդալ այն տեքստերը, որոնք քեզ այդքան զայրացնում են եւ պարունակում են քո կարծիքով անգրագետ հիմարություններ կամ իշխանության գովք, ժամանակ եւ նյարդեր չծախսել այդ տեքստերի վրա: Եթե դա գիրք լիներ կամ թերթ, մարդիկ, բնականաբար, այդպես էլ կվարվեին, գիրքը կարելի է մի կողմ դնել, վերադարձնել գրապահարան եւ մոռանալ դրա մասին:
Ինձ հայտնի չէ որեւէ դեպք, երբ ընթերցողը մոտենում է գրապահարանին, տեսնում է իր չսիրած գիրքը եւ ատամները սեղմելով ֆշշացնում է հեղինակի հասցեին` ախ դու սրիկա: Համացանցն ուրիշ է, դա թմրանյութ է, որտեղ դու վարժվում ես ինչպես քեզ համար հաճելի, այնպես էլ տհաճ զգացողություններին, որոնցից հրաժարվելը շատ դժվար է: Դա մի տարածք է, որտեղ սովոր ես անել թեթեւ, չհիմնավորված, բայց դաղող դատողություններ:
Այդ ամենի լուծումը տալիս է, ինչպես միշտ, ժամանակը եւ փորձառությունը, որը երբեմն մեդիագրագիտություն են անվանում: Ժամանակի ընթացքում մենք սովորում ենք օգտվել այն դրականից եւ հսկայական առավելություններից, որոնք տալիս է համացանցը, եւ մաղով անցկացնել անկարեւորը, մակերեսայինը, պատահականը: Իսկ ամենակարեւորը` պետք է ավելի շատ գրքեր եւ թերթեր կարդալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























