Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման ընթացքում արդեն իսկ թերություններ են ի հայտ եկել: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձորի Բաղրամյան եւ Նարեկացի փողոցներում, որտեղ աշխատանքներն ավարտված են, կատարված նշագծումները լուրջ խնդիրներ ու դժգոհություններ են առաջացրել վարորդների եւ քաղաքացիների համար:

Բաղրամյան պողոտայում նշագծված հոծ գիծն այնպես է արված, որ մի քանի հազար բնակիչ ունեցող թաղամասերի մուտքը սահմանափակված է: Վարորդները թաղամաս մտնել դուրս գալուց պետք է մի քանի կմ ավել գնան, որպեսզի կարողանան շրջադարձ կատարել կամ թաղամաս մտնել:

Հաջորդ խնդիրը, որը կրկին կապված է նշագծումների հետ՝ Նարեկացի փողոցում է: Այստեղ կետագծեր են արվել ծայրից ծայր, ինչն էլ ստեղծել է վթարային իրավիճակ: Բնակելի շենքերի մոտակայքում փաստացի վարորդներին թույլատրվում է վազանց կատարել, որը նախորդ տարիներին արգելված է եղել՝ հոծ գծի առկայության պատճառով:

Ի դեպ, Նարեկացի փողոցի սկզբնամասում տեղադրված է վազանցն արգելող նշան, որին զուգահեռ ճանապարհը կետագծերով է նշագծվել: Ասել է թե՝ մի կողմից թույլատրվում է, մի կողմից՝ արգելվում: Ճանապարհային ոստիկանները նույնպես չեն կարողանում տուգանել ու հիմնավորել վարորդների խախտումները:

Նարեկացի փողոցում տասնյակ վթարներն ու վրաերթեր են գրանցվել նախորդ տարիներին հոծ գծի ու վազանցն արգելող նշանների առկայության ժամանակ, իսկ այսօր, երբ, ըստ նշագծման՝ վազանցը թույլատրվում է՝ վթարների ու վրաերթների թիվը կտրուկ կավելանա:

Հիմնանորոգված ճանապարհի վրա տեղադրվել են դիտահորերի անորակ կափարիչներ, որոնց վրայով մեքենան անցնելու դեպքում այն կոտրվում ու մասերի է բաժանվում, ինչի հետեւանքով ջարդված կափարիչի մասնատված բեկորները ջարդում են ընթացող մեքենաները: Այդպիսի մի քանի դեպքեր արդեն իսկ արձանագրվել են, սակայն որեւէ մեկը չի փոխհատուցում վարորդների կրած վնասները:

Վանաձորի քաղաքապետարանից  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ ներկայումս աշխատանքներ են իրականացվում, նշագծումներում փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել են, որ կուսումնասիրեն ահազանգը:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի