ՀՀ Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնում այլ թեկնածուներ չեն առաջադրվել, քանի որ վստահ չեն, որ փաստաբանների մեծամասնության քվեն կստանան: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը:

«Մեր Փաստաբանների պալատում ժողովրդավարություն է եւ 10 արվա փորձ ունեցող փաստաբանները կարող էին իրենց թեկնածությունն առաջադրել: Իմ ընդդիմախոսները վստահ չէին, որ փաստաբանների մեծամասնությունն իրենց քվեն նրանց կտա, երեւի դրա համար էլ չեն առաջադրվել: Ես մեծամտությամբ չեմ տառապում, բայց կարծում եմ, որ իմ ընդդիմադիրները ծայրահեղ վիրավորանքներ են հասցնում, երբ նշում են, որ իրենք որակյալ փոքրամասնություն են, կամ փաստաբանների պալատը ճնշումներ է գործադրում եւ այլ: Լավ կլիներ, որ միասնական թեկնածուով հանդես գային, եւ ըստ իրենց ասածի` «փրկեին Փաստաբանների պալատը ինձնից»,-ասաց նա:

Արա Զոհրաբյանը նշեց, որ եթե ինքը միակ թեկնածուն է, չի նշանակում, որ ընտրվելու է. հնարավոր է փաստաբանների մեծամասնությունը ընտրություններին չգնա, կամ էլ գնալու դեպքում «դեմ» քվեարկի իրեն. «Չեմ կարող վստահ լինել, որ ընտրվելու եմ, փաստաբանները կարող է չգան, եթե չհավաքեմ 50 տոկոսից ավելին` չեմ ընտրվի»:

Արա Զոհրաբյանը նշեց, որ ՀՀ Փաստաբանների պալատը գերատեսչական շահ չունի եւ չի կարող ճնշում գործադրել փաստաբանների վրա. «Ասել, թե ՓՊ-ն ճնշումներ է գործադրում, սխալ եմ համարում»: