Սեպտեմբերի 18-20-ը Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կանցկացվի Հայաստան-Սփյուռք 6-րդ Համահայկական համաժողովը՝ «Փոխվստահություն, միասնություն եւ պատասխանատվություն»: Այս մասին սեպտեմբերի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով՝ նախատեսվում է համաժողովն անցկացնել հերոսական մարտերում Մայիսյան հաղթանակների տարեդարձի, Հայաստանի Առաջին հանրապետության հռչակման 100-ամյակի եւ Երեւանի 2800-ամյակի նախաշեմին:

Ի տարբերություն նախորդ համաժողովների՝ 6-րդը մի քանի առանձնահատկություններ ունի: Ըստ նախարարի՝ առաջին անգամ համաժողովում 4 գլխավոր ուղղություններ են առանձնացվել աշխատանքների կազմակերպման համար, ըստ որոնց պատասխանատու գերատեսչություններ են ընտրվել՝ Պաշտպանության, ԱԳ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների, Սփյուռքի նախարարությունները: «Համաժողովին հրավիրվել են համահայկական կրթական եւ կրոնական կառույցների ղեկավարներ, ներկայացուցիչներ: 70 երկրներից 1400 սփյուռքահայեր արդեն հաստատել են համաժողովին իրենց մասնակցությունը: Մեզ հաջողվել է կապ հաստատել այնպիսի հեռավոր երկրների հետ, ինչպիսին են Մալթան, Մալայզիան, Ճապոնիան, Մեքսիկան, Սինգապուրը»,- նշեց Հակոբյանը: Համաժողովին կմասնակցեն եւ այն կլուսաբանեն 92 լրագրողներ Սփյուռքից: Համաժողովը կազմված է 3 լիագումար նիստերից եւ ըստ սեկցիաների 16 նիստերից: «Առաջին լիագումար նիստին ելույթ կունենան Հայաստանի եւ Արցախի հանրապետության նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Բակո Սահակյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը եւ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը: Երկրոդ օրը նախատեսված է հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն տնտեսական հարցեր: 3-րդ լիագումար նիստում ելույթ կունենա ԱԺ նախագահը, եւ փորձագետները կամփոփեն ըստ սեկցիաների տեղի ունեցած 16 նիստերի արդյունքները»,- հավելեց Հրանուշ Հակոբյանը: