Ստեղծվող Համահայկական խորհուրդը խորհրդատվական մարմին է: Սեպտեմբերի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե Համահայկական խորհուրդը պարտադի՞ր կառույց է լինելու, նախարարը նշեց. «Մենք չենք կարող այնպիսի մարմին ստեղծել, որը կարող էր Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Սփյուռքի համար պարտադիր լինել: Սա բացառվում է: Մեծ սփյուռք ունեցող երկրներում սովորաբար տարբեր ձեւաչափերով նման կառույցներ գործում են. ինչ-որ տեղ կոնգրես է կոչվում, ինչ-որ տեղ՝ նախագահին առընթեր խորհուրդ: Ո՞րն է գլխավոր նպատակը: Դժբախտաբար, ճակատագիրը մեզ ցրել է ամբողջ աշխարհով, եւ այս պոտենցիալը կոնսոլիդացնելու անհրաժեշտություն կա»: Ըստ նախարարի՝ անցած 25 տարիները ցույց են տալիս, որ մեր Սփյուռքի հայտնի կազմակերպությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները ժամանում են, լսում, հստակեցումներ կատարում: «Սա չի նշանակում, որ նրանք մեկնում են եւ անում այն, ինչ մենք ասել ենք: Սակայն նրանք իրենց գործունեության ոլորտներում շտկումներ են կատարում: Օրինակ՝ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ ասելու եւ անելու բան ունեն ոչ միայն Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, այլեւ Սփյուռքը, լոբբիստական կազմակերպությունները: Հայոց ցեղասպանության հարցում պետության մոտեցումները կարող են տարբերվել Սփյուռքի մոտեցումներից, եւ Սփյուռքն, ավելի ազատ լինելով, կարող է հարցումներ ներկայացնել, որոնք պետականից տարբերվում են: Այնպես որ, այսպիսի քննարկումները, ժողովները կարող են երկկողմանի օգտակար լինել»,- ընդգծեց Հակոբյանը:
Ինչ վերաբերում է խորհրդի աշխատանքին եւ անդամներին, այս հարցերը արդեն երկար ժամանակ քննարկվում են՝ գրեթե 20 տարի, շարունակեց նախարարը: «Այսօր մոտեցումը հետեւյալն է՝ Համահայկական խորհուրդը պետք է կազմավորվի հաջորդ տարվա մայիսին: Եվ առաջին նիստը տեղի կունենա այս ամիս հոբելյանական միջոցառումների շրջանակում»,- հավելեց Հրանուշ Հակոբյանը:




























