Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը չի պատրաստվում միանալ սեպտեմբերի 13-ին հայտարարված գործադուլին:

«Միանալու մտադրություն չունեմ, որովհետեւ կարծում եմ, որ կազմակերպչական առումով կարելի էր ավելի լավ կազմակերպել»,-այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Զոհրաբյանը:

Անդրադառնալով նրան, որ գործադուլի հայտարարությանը միացած փաստաբանների մի մասը քննադատել է Փաստաբանների պալատին՝ գործադուլին չմիանալու համար, Արա Զոհրաբյանն ասաց, որ նախ իրենք դատական սանկցիայի ժամկետի պարզաբանման հարցով դիմել են ՄԻՊ-ին. «Մենք որոշեցինք դժվարություններ առաջացնել դատական դեպարտամենտի համար: Մասնավորապես, առաջարկեցինք, որ դատարանում փաստաբանին նույն սեռի ներկայացուցիչը զննի, եթե փաստաբանը պահանջում է, առանձին սենյակում զննեն, եթե փաստաբանը պահանջում է, արձանագրություն կազմեն եւ տան փաստաբանին:  Այսինքն մենք դժվարություններ էինք ստեղծում, որ դատական դեպարտամենտը հեռու մնա փաստաբաններից: Այս պայմաններում գործադուլ կազմակերպելը... Պատկերացրեք, այս պայմաններում Փաստաբանների պալատը միանում է գործադուլին: Մենք առնվազն պետք է փաստաբաններին համոզենք, որ հարգելիներս, այս ծայրահեղ միջոցին գնալը նման է նրան, որ բժիշկը հրաժարվի վիրհատություն կատարելուց: Նման քայլի գնալուց առաջ պետք է ասենք, որ գոնե այս-այս դռները թակել ենք, չեն բացել: Եթե համարում են, որ դա խուզարկություն է, պետք է իրավապահներին հաղորդում ներկայացնեին: Եթե այդ քայլերը օգուտ չտային, նոր կարելի էր մտածել ծայրահեղ քայլի մասին»:

ՓՊ նախագահը նշեց նաեւ, որ գործադուլի հայտարարության մեջ չկա հասցեատեր. «Բացի այդ, եթե քաղաքացիական գործերով փաստաբանը չգնաց նիստին, գործը քննելու են առանց նրա: Ու եթե վստահորդը վնասի փոխհատուցման պահանջ ներկայացրեց, փաստաբանը խնդիր է ունենալու: Բոլոր դեպքերում իրենց որոշումը հարգում եմ, փորձելու ենք դա ի նպաստ փաստաբանության ծառայեցնել: Այդ 170 փաստաբանները մեր համախոհներն են»:

Հիշեցնենք, որ ավելի քան 170 փաստաբան պատրաստվում է սեպտեմբերի 13-ին գործադուլ անել՝  հրաժարվելով մասնակցել այդ օրը նշանակված դատական նիստերին:

Նրանք բողոքում են քրեակատարողական հիմնարկներում, դատարաններում դատական կարգադրիչների կողմից փաստաբանների զննություններից ու խուզարկություններից՝ դրանք որակելով ապօրինի: