ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը հերքում է լուրերը, թե իրենց ընտանիքին պատկանող բոլոր բիզնեսները վաճառվում են:

«Ո՞վ է ասում, որ վաճառվում է բոլորը: Ո՞վ է ասում, որ համատարած վաճառք է»,- այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արգամ Աբրահամյանը:

Դիտարկմանը, թե տրիկոտաժի գործարանն օրինակ վաճառվել է, Աբրահամյանն արձագանքեց. «Տրիկոտաժի գործարանի հետ վաղուց կապ չունենք»:

Աբրահամյանի խոսքով, մեկ գազալցակայան է վաճառվել, որը պատկանել է իր հորեղբորը. «Կարծում եմ, որ դա նորմալ է, երբ բիզնեսը համարվում է ոչ լավ, մարդը վաճառում է, այլ բիզնեսի մեջ է ներդնում, ու դրա մեջ զարմանալու ու բարձրաձայնելու բան չկա»:

Հարցին՝ իսկ հանքը չի՞ վաճառվել, նա պատասխանեց, թե հանքը եւս իր հորեղբոր հանքն է եղել, որը չի աշխատել:

Արգամ Աբրահամյանը հերքեց լուրերն այն մասին, որ «Արտֆուդի» 50 % բաժնեմասը վաճառվել է։ Ինչ վերաբերում է «Արտաշատ Վինկոն»-ին, Արգամ Աբրահամյանն ասաց, որ այն շատ նորմալ աշխատում է:

Դիտարկմանը, թե գյուղացիները մտահոգություններ ունեն, որ գուցե մթերում չլինի, պատգամավորը պատասխանեց. «Ոչ մեկ մտավախություն չունի, դրանք սուտ լուրեր են: Ի տխրություն գրողների ու պատվիրողների՝ նման բան չկա»: