Cargolux լյուքսեմբուրգյան ավիաընկերությունը հետաքրքրություն է ցուցաբերել հայկական շուկայի նկատմամբ, սակայն հայկական կողմից հետ կոնկրետ պայմանավորվածություններ դեռեւս չկան։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը։
Նշենք, որ սեպտեմբերի 5-ին ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագրին։
Cargolux ընկերությունը աշխարհի 10 խոշորագույն բեռնատար ավիափոխադրողների թվում է։ Համաձայնագրով նախատեսվում է ոչ միայն թռիչքների երկկողմ հնարավորություն, այլ նաեւ ուղեւորների եւ բեռների փոխադրում երրորդ երկրներ (օրինակ՝ Cargolux–ը կարող է բեռներ տեղափոխել Երեւան, իսկ այստեղից էլ՝ Արեւելյան Ասիա)։ «Տարանցման հնարավորությունները մեր բանակցությունների ընթացքում նույնպես դիտարկվել են։ Հուսանք, որ մեր գործընկերները փոխգործակցության սխեմաներ կառաջարկեն»,– հավելել է Ավետիսյանը։




























