ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաեւ ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին եւ  հյուրերի խնդրանքով ներկայացրել ՀԲ աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը:

ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել կրթական բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցության համար եւ շեշտել, որ  տարիներ շարունակ Հայաստանի կրթական համակարգի փոփոխություններն իրականացվել են  ՀԲ-ի հետ համագործակցությամբ: Հույս հայտնելով, որ հետագա համագործակցությունն առավել արդյունավետ կլինի՝ Լ. Մկրտչյանն ընդգծել է կրթության  համակարգում բովանդակային  բերեփոխումների նոր փուլի մեկնարկի կարեւորությունը:

Իր հերթին Մ. Թեմբոնը շեշտել է, որ կրթությունն առանձնակի  տեղ է գրավում Համաշխարհային բանկի  կողմից ՀՀ-ում իրականցվող ծրագրերի մեջ, միաժամանակ պատրաստակամություն հայտնելով շարունակել  աջակցությունը կրթական բարեփոխումների գործընթացին: