Նախարարությունը հավես չունի Ամուլսարի հաշվետվություններն ուսումնասիրելու: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

Հայտարարության մեջ ասվում է.

«2017 թվականի օգոստոսի 4-ին մի շարք կազմակերպություններ դիմում էին ուղղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով հանձնարարել բնապահպանության նախարարությանը լրջագույնս ուսումնասիրել եւ գնահատել միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին, քանի որ նրանցում հստակ նշված է, որ նման ծավալների հանքարդյունահանման հետեւանքով աղտոտված ջրերի վնասազերծման ծախսերը կարող են բազմապատիկ գերազանցել պետության գանձարան մուծվելիք հարկերը, իսկ անկանխատեսելի դեպքերում՝ ամբողջովին մնալու են պետության եւ Հայաստանի քաղաքացիների ուսերին։

Խնդիրը նրանում է, որ այդ հետազոտություններում առկա են բազմաթիվ անհերքելի փաստեր, որոնք լուրջ կասկածի տակ են դնում Լիդիանի ներկայացրած հաշվետվությունների լիարժեքությունը, հավաստիությունը, բավարար որակյալ, թարմ տեղեկատվությունը, հիմնավորվածությունը, ամբողջականությունը, ՀՀ օրենսդրության պահանջներին ու սահմանափակումներին համապատասխանությունը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանության նախատեսվող միջոցառումների, շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիթորինգի ծրագրի արդյունավետությունը։

Նաեւ բնապահպանության նախարարությանն առաջարկվել էր, որպեսզի այն՝ հաշվի առնելով ի հայտ եկած նոր էկոլոգիական գործոնները, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն, ուժը կորցրած ճանաչի Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիրի փոփոխված նախագծի ՇՄԱԳ հաշվետվությանը 2016թ․-ի ապրիլի 29-ին տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական ԲՓ 35 դրական եզրակացությունը (մեր դիմումի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ)։

Դիմումը տալուց 25 օր անց ստանում ենք գրեթե ոչինչ չասող եւ հիմնական հարցադրումները հերթական անգամ անտեսող 1,5 էջանոց պատասխան՝ այս անգամ էլ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վ․ Սահակյանի ստորագրությամբ (տես այստեղ)։

Պարզվում է նախարարությունը որոշել է միայն տեղեկացնել, որ չի կարող ուժը կորցրած ճանաչել արդեն իսկ տրված դրական եզրակացությունը, քանի որ իրենց կարծիքով միջազգային անկախ փորձագիտական կազմակերպությունների ուսումնասիրություններում առկա հայտնաբերումները չեն կարող դիտվել որպես էկոլոգիական նոր գործոն։ Հետո ներկայացրել են իրենց այդ կարծիքն իբր հաստատող ինչ-որ կցկտուր հիմնավորումներ, որոնց իմաստ չենք տեսնում այս ձեւաչափով անդրադառնալ, այլ ցանկանում ենք նշել միայն մեկ կարեւոր փաստ․

Պատասխանում ընդհանրապես չկա ոչ մի հիշատակում այն մասին, որ բնապահպանության նախարարությունն ինքնուրույն ուսումնասիրել եւ գնահատել է միջազգային փորձագիտական երեք կազմակերպությունների մոտ 160 էջ կազմող հաշվետվություններն Ամուլսարի ոսկու ծրագրի մասին ու թե ինչ եզրակացության է հանգել։

Այդ ամենն անելու փոխարեն, նախարարությունը որպես ապացույց հերթական անգամ մեզ է հրամցրել լեռնահանքային ոլորտում ընդհանրապես ոչ մի փորձ չունեցող օֆշորային Lydian International ընկերության պատասխան հիմնավորումները, որոնք իբրեւ թե չեզոքացնում են միջազգային անկախ փորձագետների ներկայացրած լուրջ կասկածները թթվային ապարների դրենաժի ռիսկերի եւ մակերեւութային ու ստորերկրյա ջրերի երկարաժամկետ աղտոտման հարցերի հետ կապված։

Այս պատասխանից մեկ անգամ եւս ակնհայտ է դառնում, որ երիցս ճշմարիտ են միջազգային անկախ փորձագետները, որոնք եկել են հետեւյալ եզրակացության․

«Հայաստանի կառավարության կողմից Ամուլսարի նախագծի շրջակա միջավայրի վրաազդեցության մասին տրված պետական փորձագիտական եզրակացությունում որեւէ ձեւով չիհիշատակվում թթվային ապարների դրենաժը (ԹԱԴ), դրա կանխման եւ վերահսկողությանանհրաժեշտությունը, առվակների, գետերի եւ ջրամատակարարման հնարավոր երկարաժամկետաղտոտումը կամ հոսքերի ուղղությամբ դեպի ներքեւ ԹԱԴ-ի արտազատման բնապահպանականկամ առողջապահական հետեւանքները: Ըստ ամենայնի, ՀՀ կառավարությունում չկափորձագիտական ներուժ, որը կարող է ճանաչել, գնահատել եւ մշտադիտարկել Ամուլսարի ԹԱԴ-իկանխարգելումը կամ վերահսկել դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի բնակչությանհամար»:

Ստացվում է, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կատարվել է խոշոր հանքարդյունաբերական ծրագրի էկոլոգիական ռիսկերի միջազգային անկախ գնահատում, իսկ բնապահպանության նախարարությունն այդպես էլ հավես կամ գիտելիք չունեցավ, որպեսզի ուսումնասիրի Ամուլսարի վերաբերյալ այդ կազմակերպությունների հաշվետվություններն ու ներկայացնի իր մասնագիտական կարծիքը։ Չէ՞ որ ավելի հեշտ է գրել եւ ասել, որ հավատում ենք Լիդիանի ներկայացրած փաստարկներին ու չունենք լուրջ փորձաքննություն իրականացնելու ներուժ՝ դրանով խուսափելով պատասխանատվության որեւէ բեռ կրելուց։