Եվրամիությունը բազմամիլիոնանոց 2 ծրագիր կիրականացնի հայաստանյան կրթական ոլորտում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Erasmus+Youth տեղեկատվական կենտրոն»-ի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նրա խոսքով, «Erasmus+Youth» ծրագիրը շատ կարևոր է հայերի համար, հայ երիտասարդները հրաշալի ներուժ ունեն և կարողանում են որսալ տեխնոլոգիական ամենաբարձր մակարդակի գիտելիքները. «Բացի այդ՝ լավ կրթությունը բարձր արժեք է ներկայացնում և խիստ կարևորվում է հայկական ընտանիքներում»,-նշել է նա՝ հավելելով, որ ծրագրին մինչ այժմ մասնակցել է 800 հայ:

«Մենք ունենք բազմամիլիոնանոց երկու մեծ ծրագիր, որոնք մենք ցանկանում ենք իրականացնել Հայաստանում: Ես հիմա չեմ կարող հայտարարել կոնկրետ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, բայց ես կարող եմ ասել, որ բավականին աշխատանք ենք կատարել եւ շուտով կկարողանանք բաց եւ հրապարակավ խոսել այս մասին»,-ասաց Սվիտալսկին:

Նա ընդգծեց, որ Հայաստանը կրթական հսկայական ներուժ ունի, հայերը շատ տաղանդավոր են և հավակնոտ. «ԵՄ-ն ցանկանում է ներդրում կատարել այնտեղ, որտեղ արդյունքը տեսանելի կլինի: Մենք ուզում ենք հնարավորինա շատ հայ երիտասարդներ տեսնել եվրոպական համալսարաններում: Մենք ցանկանում ենք, որ հայերն ավելի շատ խոսեն կրթության մասին  և մտածեն՝ ինչպես կատարելագործել կրթական ոլորտը»:

Նշենք, որ Հայաստանում «Erasmus+Youth» տեղեկատվական կենտրոնների ցանցը ստեղծվել է 2017 թվականին և գործում է Արևելյան գործընկերության 6 երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս):