«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը, ՀՀ Նախագահի դրամաշնորհի շնորհիվ, Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի եւ ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, Եռօրյա այցով գտնվում էր Արցախ աշխարհի Մատաղիսի պաշտպանական շրջանում:
«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին, ՂՊՎ ակտիվիստները, Ապրիլյան պատերազմի հերոս նահատակների ծնողների եւ ժողովրդական երգերի կատարողներ Արման Կարապետյանի, Սուսաննա Վարդանյանի եւ ասմունքով Տարոն Գրիգորյանի հետ միասին, Երեւանից ուղեւորվեցին Արցախ:
Արցախում առաջին կանգառը Պետրոս Ղեւոնդյանի՝ Պետոյի հուշաքարի մոտ էր, որի առաջ իրենց հարգանքի տուրքը մատուցելուց հետո, ուխտավորների խումբը շարունակեց ուղեւորվել Մատաղիս: Մատաղիսում նրանց ողջունեցին Ապրիլյան պատերազմից հետո, կրկին զինծառայության վերադարձած ՂՊՎ անդամներն, ովքեր այժմ Ապրիլյան պատերազմի նահատակների ծառայակից ընկերների հետ միասին, Մատաղիսում մատուռ են կառուցում:
Սեպտեմբերի 5-ի առավոտյան, Վետերաններն ու նահատակված զինծառայողների ծնողները, ՂՊՎ նախագահ, մատուռի կառուցման աշխատանքների բարերար Ստեփան Թարոյանի հետ միասին քննարկում էին, զինվորականների եւ վետերանների ձեռքերով կառուցվող մատուռի հետ կապված հարցերը:
Կեսօրին զորամասի շարահրապարակում մեկնարկեց Մատաղիսի զորամասի 22 ամյակին նվիրված միջոցառումը: Ապրիլյան պատերազմի օրերում աչքի ընկած, Մատաղիսի պաշտպանական շրջանի սպաներն արժանացան ՂՊՎ «հայրենիքի պաշտպանության համար» մեդալին: Նահատակված հայորդիների մեդալները՝ հետմահու փոխանցվեցին նրանց ընտանիքների ներկայացուցիչներին: Միջոցառման 1-ին մասն ավարտվեց զորահանդեսով:
Միջոցառումն ընդմիջվեց ճաշով, որի ժամանակ, մատուռի խաչի օծման արարողության առիթով, ՂՊՎ նախագահ Ստեփան Թարոյանի նախաձեռնությամբ, ճաշին մասնակցող զինվորներին ու հյուրերին մատաղ մատուցվեց:
Հանդիսության 2-րդ մասը մեկնարկեց, զինծառայության մեջ աչքի ընկած շարքայինների եւ սերժանտների պարգեւատրությամբ, որքեր արժանացան ՂՊՎ պատվոգրերի, շնորհակալագրերի եւ խրախուսական նվերների: Զորամասի հրամանատարի կողմից մի շարք զինվորներ արժանացան խրախուսական նամակների, կրծքանշանների, կոչումների եւ ժամացույցների: Այնուհետեւ մեկնարկեց միջոցառման համերգային մասը, որի հեղինակները զինվորներին ոգեւորեցին ռազմահայրենասիրական ոգի սերմանող իրենց ասմունքով եւ երաժշտական կատարումներով:
Սեպտեմբերի 6-ին, «Դուք մենակ չեք» նախաձեռնության հեղինակներն ու մասնակիցները այցելեցին Դադիվանք, որտեղից էլ վերադարձան Երեւան:




























