Քարահունջ հնամենի քարե աստղադիտարանը շատ ավելի հին է, քան համարվում է։ Այս մասին սեպտեմբերի 9-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց Հայ-ռուսական համալսարանի դոցենտ, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը։
Մաթեմատիկոսի կարծիքով՝ Քարահունջն ավելի քան 14 հազար տարեկան է եւ այն ի սկզբանե որպես աստղադիտարան է կառուցվել։ «Պարիս Հերունուց հետո ես ուսումնասիրեցի տվյալ աստղադիտարանը։ Իմ ուսումնասիրությունների ընթացքում պարզել եմ, որ քարերի դասավորվածությունը կրկնում է «Կարապի» համաստեղության ձեւը։ Սկզբի համար դա մեզ հնարավորություն տվեց պարզել Քարահունջի տարիքը, իսկ հետո Պորտասարի գաղտնիքը բացահայտելու հնարավորություն տվեց»-հստակեցրեց Վահրադյանը։
Մաթեմատիկոսը նաեւ հայտարարեց, որ իր տեսությունը միջազգային ճանաչում ունի։ Նրա խոսքով՝ տվյալ «բացահայտումը» թույլ է տվեց բացահայտել, որ Պորտասարը (գտնվում է հարավարեւմտյան Թուրքիայի տարածքում-խմբ) նաեւ որպես աստղադիտարան է օգտագործվել։
Վահրադյանը կարծում է, որ տվյալ փաստն ապացուցում է Հայկական բարձրավանդակում մեկ ընդհանուր մշակույթի եւ նույնիսկ պետական համակարգի գոյությունը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Մաթեմատիկոսի խոսքով՝ Պորտասարն առնվազն 18500 տարեկան է։
Հիշեցնենք, որ պաշտոնական գնահատականերով, Քարահունջն ավելի քան 7500 տարեկան է։ Սակայն դա մինչ օրս քննարկումների առիթ է։ Գիտնականների մի մասը կարծում է, որ Քարահունջը հնամենի աստղադիտարան է, մյուս մասը՝ հինավուրց ամրոցի մնացորդներ։




























