Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանագծին գտնվող պատնեշի վրա երեխայի 20 մետրանոց դիմանկար է հայտնվել, հայտնում է BBC-ն:
Սեւ-սպիտակ պատկերով հսկայական պաստառը տեղադրել են մեքսիկական հատվածում՝ Տիխուանա քաղաքից ոչ հեռու: Ամերիկյան կողմից թվում է, թե երեխան ձեռքերով բռնել է սահմանային պատը: Երեխայի դիմանկարը ֆրանսիացի գեղանկարչի եւ լուսանկարչի ինստալյացիան է: Նկարիչն այդպես հույս է ունեցել միգրացիոն քաղաքականություն վարող ամերիկացի օրենսդիրներին հիշեցնել, որ նրանք «սիրտ ունեն»:
«Նրանցից շատերը հատում են սահմանը՝ լավ կյանքի հույսով, ինչի մասին էլ հիշեցնում է ինստալյացիան»,- NBC 7 San Diego-ի եթերում ասել է նկարիչը:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր:




























