Երեւանի քաղաքապետարանից դեռ նախորդ շաբաթ են եկել ու «Վերնիսաժի» առեւտրականներին զգուշացրել, որ հաջորդ շաբաթվանից չպետք է աշխատեք: Այս մասին հայտնել են «Վերնիսաժի» առեւտրականները, որոնք իրենց ապրանքը վաճառում են մայթերին դրված սեղաններից: Խոսքը շուրջ 100 առեւտրականների մասին է, որոնց այսօր ոստիկանության եւ քաղաքապետարանի աշխատակիցները թույլ չեն տվել առեւտուր անել եւ հավաքել են սեղանները:

Հիմնականում սպասքի առեւտրով զբաղվող առեւտրականները, տարակուսած են, թե ինչպես են այսուհետ օրվա հացի գումար վաստակելու։

Նրանց քաղաքապետարանից պարզաբանել են, որ առեւտուրը խոչընդոտում է հետիոտնի տեղաշարժը: Առեւտրականների խոսքով, այդ ինչպե՞ս պատահեց, որ 20 տարուց ավելի իրենք չէին խանգարում անցորդներին, իսկ հիմա սկսեցին խանգարել, նաեւ նշում են, որ իրենց թույլ չեն տալիս այդտեղ կանգնել, բայց նույն տեղում հիմա մեքենաներ են կանգնած:

Առեւտրականներին քաղաքապետարանի աշխատակիցներն առաջարկել են առեւտուր անել վերնիսաժի ներսում, սակայն այնտեղ բոլոր տեղերը զբաղված են. «Ներսում տեղ չկա: Մեր տնօրենը  շուկայի ներսի հատվածում չի տեղավորում։ Գնանք ո՞ւմ ասենք՝ տեղիցդ դուրս արի, տաղավարդ տուր մեզ: Մյուս կողմից եթե մայթի վրա արգելվում էր, ինչու էին այն ժամանակ թույլ տվել այդտեղ առեւտուր անել: Բացի այդ, մենք վճարում ենք տեղի համար 2000 դրամ: Ասում են «պրեստիժ» չի վերնիսաժում հին ապրանք ծախելը, ասում են տուրիստներ են գալիս: Բայց չէ՞ որ ամբողջ աշխարհում էլ հին ապրանքների վաճառք կազմակերպվում է»,-պատմեց սպասքի վաճառքով զբաղվող կանանցից մեկը:

Նրանք նշեցին, որ առավոտյան ժամը 6.30-ին երկու ոստիկանական մեքենաներով եկել են եւ իրենց թույլ չեն տվել առեւտուր անել, սակայն բռնի ուժ չի կիրառվել:

Առեւտրական կանայք նշեցին, որ իրենք պատրաստվում են երկուշաբթի նամակ-դիմում ներկայացնելու Երեւանի քաղաքապետարան. «Շաբաթվա ընթացքում կորոշվի, կանգնելու ենք, թե ոչ: Եթե բացասական լինի պատասխանը, կգնանք կառավարության շենքի դիմաց բողոքելու: Պայքարելու ենք մեր տեղի համար»,-ասացին նրանք:

Ավելի վաղ NEWS.amհայտնել էր, որ այսօր առավոտյան լարված վիճակ է ստեղծվել «Վերնիսաժում», քանի որ ոստիկանության աշխատակիցներն արգելել են Բուզանդի փողոցին հարող հատվածում սպասքի եւ այլ իրերի առեւտուր իրականացնել՝ պատճառաբանելով, որ հրահանգ ունեն թույլ չտալ նշված տարածքում տաղավարներ աշխատեցնել։