Երեւանում հանդիսավորությամբ նշել են Ինդոնեզիայի անկախության 72-ամյակը եւ Հայաստանի ու Ինդոնեզիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Տոնական միջոցառմանը մասնակցել են ԻՆդոնեզիայի ԱԳՆ Ամերիկայի եւ Եվրոպայի բաժնի գլխավոր տնօրեն Մուհամմեդ Անշորը, ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ եւ մեր երկրում հավատարմագրված դիվանագետներ:
Հայաստանում Ինդոնեզիայի ատակարգ եւ լիազոր դեպան, պրոֆեսոր Յուդի Քրիսնանդին պաշտոնական ընդունելության ժամանակ իր ելույթի խոսքում ներկաներին է փոխանցել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի ջերմ ողջույնը: «1945 թվականի օգոստոսի 17-ին Ինդոնեզիայի հիմնադիր հայրերը՝ նախագահ Սոյեքարնոն եւ փոխնախագահ Մուհամմադ Հաթան, հռչակեցին մեր երկրի անկախությունը: Այդ պահից սկսած ինդոնեզացի ժողովուրդն անդադրում աշխատել է՝ մեր անկախությունը իմաստավորելու համար: Որպես աշխարհում ամենախիտ բնակեցված 4-րդ եւ 3-րդ մեծ ժողովրդավարությունը, որտեղ իսլամն ու ժողովրդավարությունը զարգանում են ձեռք ձեռքի տված, Ինդոնեզիան նպաստում է տոլերանտությանը, պլյուրալիզմին եւ խաղաղությանը»,- նշել է դեսպանը:

Անդրադառնալով հայ-ինդոնեզական հարաբերություններին՝ Յուդի Քրիսնանդին ընդգծել է, որ երկու ժողովուրդների կապերը հարուստ պատմություն ունեն: «18-րդ դարից սկսած Ինդոնեզիայում հայերը հիմնականում բնակվել են Բատավիայում (նախկին պաշտոնական անունը Ջաքարթա), Սուրաբաեում, Մաքասարում, Բանդունգում եւ այլ խոշոր քաղաքներում: Հայերի մեծ մասն առեւտրականներ են եղել: Ինդոնեզիայում գործել են հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ակումբներ: Սուրաբաեում ամենահայտնի «Մաջափահիթ» հյուրանոցը հիմնադրել են Սարկիսյան ընտանիքի ներկայացուցիչները: Ջաքարթայի՝ Հարավարեւելյան Ասիայի վայրի կենդանիների ամենամեծ հանրահայտ «Ռագունան» կենդանաբանական այգու առաջին տնօրենն է եղել Բենջամին Գալստյանը»,- ասել է դիվանագետը:
Միջոցառման ավարտին հյուրերին հետաքրքիր ինդոնեզական հուշանվերներ են նվիրել՝ ազգային երաժշտական գործիքների, զարդատուփերի եւ էջանշանների տեսքով:




























