Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում ստեղծված իրավիճակի առիթով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ խնդիրը քննարկվել է ՀՀ կրթության եւ գիտության, ինչպես նաեւ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունների հետ: Ուղարկվել են համապատասխան գրություններ:
«Սեպտեմբերի 1-ից խաթարված է ուսումնական գործընթացը Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոցում: 44 աշակերտները հրաժարվում են դպրոց հաճախելուց՝ դժգոհելով տրանսպորտային դժվարություններից, որոնք առաջ են գալիս հատկապես 5-6 ամիս ձգվող ձմռան ընթացքում: Այս հարցերը պետք է դառնան կառավարության իրավասու մարմինների կողմից մանրամասն քննարկման առարկա:
Ստեղծված իրավիճակում վտանգվում է Փյունիկ գյուղի միջնակարգ դպրոց հաճախող երեխաների կրթության երաշխավորված իրավունքը: Պետությունը պարտավոր է երաշխավորել կրթության հավասար հնարավորություններ, մատչելիություն եւ շարունակականություն:
Այս առումով երեխայի շահերը պետք է լինեն առաջնահերթ ուշադրության առարկա»,-ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 11-ի առավոտյան Փյունիկի դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ:




























