Հայաստանի արվեստի գործիչների միություններն իրենց սենյակները վարձակալության են հանձնում եւ ոչինչ ավելի։ Այս մասին սեպտեմբերի 11-ին՝ Ճարտարապետների միությունը ինքնակառավարվող պալատի վերածելու հարցը քննարկելիս, ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ճարտարապետների, կոմպոզիտորների, նկարիչների միությունները Երեւանի փոքր կենտրոնում շինություններ ունեն, որոնք ամենագրավիչ տեղերում են։ «Բոլորը մտածում են մեկ բանի՝ դրանք ավելի ձեռնտու գներով վարձակալության հանձնելու մասին։ Ես կհասկանայի, եթե, օրինակ, դա սոցիալական նպատակներով անեին, օրինակ՝ իրենց կարիքավոր անդամի վիրահատության ծախսերը կամ այլ կարիքները հոգալու համար։ Բայց արտասահմանում ոչ ոք այդպես չի անում»,-հայտարարեց նա։

Ի պատասխան՝ Կառավարությանը կից Քաղաքաշինության պետկոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն ասաց․ «Ես ինձ թույլ մարդ չեմ համարում։ Բայց այդ միությունների մասին կարծիք հայտնելու համար համարձակությունս չի ներում։ Կարծում եմ՝ դրանով ամեն ինչ ասացի»։

Ինչ վերաբերում է կոնկրետ ճարտարապետներին,  այս պարագայում լուծում կարող է լինել շենքերի զարդանախշման հատկացումները։ «Խորհրդային շրջանում դա գեղարվեստական հիմնադրամ էր կոչվում։ Այդտեղից էին հայտարարվում փոքր ճարտարապետական ձեւերի, քանդակների եւ շենքերը զարդարելու համար որմնանկարչության մրցույթները»,-նկատեց Սարգսյանը։

Նա հավելեց, որ մասնավոր ներդրողների համար նման պահանջ սահմանելով՝ հնարավոր կլինի օգնել նկարիչներին, քանդակագործներին, իսկ նրանք կօգնեն զարդարել քաղաքը։